Հայաստան ցեմենտի ներմուծման ժամանակավոր արգելքը կրկին երկարաձգվեց

Կառավարությունն այսօրվա նիստում չզեկուցվող նախագծերի թվում ընդունեց Հայաստան ցեմենտի ներմուծման ժամանակավոր սահմանափակում կիրառելու, լիցենզավորման կարգն ու պայմանները և հիմնական լիցենզիայի ձևը սահմանելու մասին որոշումը։


Նախագծի ընդունումը պայմանավորված է երրորդ երկրներից ցեմենտի ներմուծումը կանոնակարգելու և տեղական շուկայում արտադրվող ու ներմուծվող ցեմենտի համար հավասար պայմաններ ստեղծելու անհրաժեշտությամբ։


Որոշմամբ՝ 6 ամիս ժամկետով սահմանափակումներ են կիրառվել որոշ ծածկագրերի ցեմենտի ներմուծման նկատմամբ, և ներմուծումն իրականացվելու է լիցենզիաների հիման վրա։ Միաժամանակ նշվում է, որ 2025 թվականին Հայաստանում ցեմենտի արտադրությունը 2024-ի համեմատ նվազել է 10,45%-ով, իսկ երրորդ երկրներից ներմուծվող ցեմենտի ծավալներն աճել են 29,2%-ով՝ հասնելով շուրջ 751,3 հազար տոննայի։


Այս քայլի նպատակն է ապահովել տեղական ցեմենտի արտադրության զարգացումը։ Ըստ հիմնավորման՝ նախագծի ընդունումը կնպաստի տեղական արտադրողների և ներմուծողների միջև առողջ ու հավասար մրցակցային պայմանների ապահովմանը։