Քիչ առաջ ՀՀ քննչական կոմիտեից ստացա հարցաքննության կանչվելու մասին ծանուցագիր` ՀՀ քրեական օրենսգրքի 330-րդ հոդվածի (Բռնություն գործադրելու հրապարակային կոչերը, բռնությունը հրապարակայնորեն արդարացնելը կամ քարոզելը, ինչպես նաև այդ նպատակով նյութեր կամ առարկաներ տարածելը) 1-ին մասի հատկանիշներով նախաձեռնված քրեական վարույթով: Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը։
Նա հավելել է, որ վարույթի նախաձեռնման հիմքում դրվել է սույն թվականի սեպտեմբերի 12-ին Ազգային Ժողովում իմ տված ճեպազրույցի և ելույթի ժամանակ արտահայտած խոսքերս:
Նշենք, որ այս տարվա սեպտեմբերի 12-ին ԱԺ-ում ճեպազրույցների ժամանակ նա մասնավորապես
ասել էր․ «Երևանը փոխվելու է մեր բոլորի՝ իմ, ձեր, դրսում կանգնած քաղաքացիների, հայրենասերների քրտինքով, և եթե Փաշինյանն անմտություն անի՝ նաև արյամբ։ Մենք, ինչ որ պարտավոր են անել քաղաքական ուժերը, վստահեցնում ենք, որ անում ենք և կանենք։ Մեր բանաձևը շատ պարզ է, մեր անելիքը կանենք և ուրախ կլինենք, և վստահ ենք, որ մեր կողքին կկանգնեն մեր հայրենասեր քույրերն ու եղբայրները, այլընտրանք այստեղ չկա։
Իսկ ԱԺ ամբիոնից նա արել էր հետևյալ
հայտարարությունը․
«Նիկոլ Փաշինյանը Նոյը չի, տապան չունի, իսկ դուք դեռ մտածելու ժամանակ ունեք. շուտով երբ կանչը հնչի՝ կլինի արդեն գործողությունների ժամանակը»։
Ավելի ուշ ՔԿ-ից Civic.am-ի հարցմանն ի պատասխան տեղեկացրին, որ սեպտեմբերի 12-ին ԱԺ-ում ճեպազրույցի ժամանակ հրապարակայնորեն, առերևույթ քաղաքական կամ այլ հայացքներով պայմանավորված՝ բռնության կիրառումն արդարացնելուն ուղղված հայտարարություն անելու դեպքի առթիվ 2023 թվականի սեպտեմբերի 19-ին ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 330-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Վարույթի շրջանակներում իրականացվում են անհրաժեշտ քննչական գործողություններ։ Այդ թվում՝ վարույթն իրականացնող մարմնի կողմից ծանուցագիր է ուղարկվել Հ․ Մ․-ին՝ վկայի կարգավիճակով քննչական անհրաժեշտ գործողություններին, մասնավորապես, հարցաքննությանը մասնակցելու նպատակով ներկայանալու վերաբերյալ։