Ես կկարողանամ հասնել ՌԴ-ի և Ուկրաինայի հաշտեցմանը, ինչպես նախկինում դա արեցի Ադրբեջանի և Հայաստանի դեպքում. Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը վստահություն է հայտնել, որ կկարողանա հասնել Ռուսաստանի և Ուկրաինայի հաշտեցմանը, ինչպես նախկինում դա արել է Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերություններում։


Այս մասին Թրամփն ասել է Անկարայում՝ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ հանդիպման ժամանակ։


«Կարծում եմ, որ համաձայնությունը (Կիևի և Մոսկվայի միջև — խմբ.) ձեռք կբերվի։ Մեզ արդեն հաջողվել է հասնել համաձայնությունների»,- ասել է Թրամփը։


Որպես օրինակ նա բերել է Ադրբեջանի և Հայաստանի միջև հակամարտությունը, որը տևել է 32 տարի և որն իրեն հաջողվել է կարգավորել։


Թրամփը հավելել է, որ հասել է 8 հակամարտությունների կարգավորման։


Պատասխանելով այն հարցին, թե արդյոք ինքն ունի հստակ ժամկետ, թե երբ է ակնկալում հասնել Ուկրաինայի և Ռուսաստանի միջև համաձայնության, Թրամփը հայտարարել է, որ որևէ ժամանակային սահմանափակում չի դնում. «Ո՛չ, ես չունեմ որևէ ժամկետ։ Այստեղ հնարավոր չէ վերջնաժամկետներ (դեդլայններ) սահմանել. չափազանց շատ բան է դրված խաղասեղանին»։


Բացի այդ, ԱՄՆ նախագահը հայտնել է, որ ծրագրում է այցելել Ուկրաինա։


«Այո, կմեկնեի։ Թեև ես կնախընտրեի, որ մինչ այդ պատերազմն արդեն ավարտված լիներ։ Վստահ չեմ, որ Գաղտնի ծառայությունը (Secret Service) հիացած կլիներ նման ուղևորությունից։ Կարծում եմ՝ այնտեղ մարդիկ ծանր դրության մեջ են։ Լավ կլիներ հասնել Կիև նախքան քաղաքին էլ ավելի մեծ վնաս հասցվելը։ Եթե անկեղծ լինենք, դա շատ գեղեցիկ քաղաք է։ Այո, ես կմեկնեմ Ուկրաինա, երբ դրա համար հարմար ժամանակը գա»,- հավելել է ամերիկացի առաջնորդը։


Թրամփն ընդգծել է, որ այսօր երեկոյան նախատեսում է հեռախոսազրույց ունենալ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։


Ամերիկայի առաջնորդը նաև կարծում է, որ ՌԴ և Ուկրաինայի նախագահները կհանդիպեն, սակայն քիչ հավանական է, որ այդ հանդիպումն անցկացվի Մոսկվայում։