Գյումրիում ընթացքի մեջ է Արթուր Ալեքսանյանի անվան հունահռոմեական ըմբշամարտի մանկապատանեկան դպրոցի շինաշխատանքը

Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը մարզպետի տեղակալ Արտուշ Հովհաննիսյանի և աշխատակազմի պատասխանատուների հետ միասին այցելել է «Արթուր Ալեքսանյանի անվան հունահռոմեական ըմբշամարտի մանկապատանեկան դպրոց» նոր սպորտային համալիրի շինհրապարակ։


Նոր կապալառու «Բաղրամյանշին» ընկերության տնօրենի հետ քննարկվել են նոր թափ ստացած շինարարական աշխատանքների ընթացքին, առաջիկա անելիքներին և նախատեսված ծավալների ապահովմանն առնչվող հարցեր։




«Մեզ համար առաջնայինը ոչ միայն շինարարության արագ ընթացքն է, այլև դրա բարձր որակը։ Կառուցվում է մարզական համալիր, որը երկար տարիներ պետք է ծառայի մեր մարզիկներին, հյուրընկալի միջազգային մրցաշարեր և դառնա Շիրակի մարզի այցեքարտերից մեկը։ Հաշվի առնելով նախորդ շինարարի կատարած աշխատանքն ու այսպիսի կարևոր մարզահամալիրի շինարարության ձգձգումները՝ մենք անելու ենք հնարավորը, որ բացթողումներ այլևս չլինեն, հետևողական ենք լինելու, որպեսզի յուրաքանչյուր աշխատանք իրականացվի պատշաճ կերպով, պետական միջոցների նպատակային ծախսումը եղել և մնում է առաջնային մեզ համար»,- ընդգծել է մարզպետը։


Մարզահամալիրի շինարարությունը դադարեցվել էր աշխատանքներում առկա թերությունների, նախագծային խախտումների և ժամկետների հետ կապված խնդիրների պատճառով։ Նախորդ կապալառուի հետ պայմանագիրը խզվել էր, և 2026 թվականի առաջին կիսամյակում «Բաղրամյանշին» ընկերության հետ կնքվել է նոր պայմանագիր։




Նոր կապալառուն մարզպետի հետ զրույցում նշել է, որ նախնական նախագիծը վերանայվել է։ Փոփոխություններ են կատարվել հատկապես միջազգային չափորոշիչներին համապատասխանեցնելու նպատակով։


Շինարարական կազմակերպությունը պարտավորվում է առաջիկա երկու տարվա ընթացքում կառուցել բազմաֆունկցիոնալ, միջազգային չափանիշներին համապատասխան համալիր, որը կունենա ըմբշամարտի, ծանրամարտի և մարմնամարզության դահլիճներ, ֆուտբոլի դաշտ, վազքուղի, լողավազան, հյուրանոցային հատված և մարզիկների համար անհրաժեշտ այլ ենթակառուցվածքներ՝ հնարավորություն ունենալով հյուրընկալել Աշխարհի և Եվրոպայի տարբեր առաջնություններ։