Սամվել Կարապետյանն ու նրա ղեկավարած ուժը, պարզվում է, «տրիգերի» են սպասում, որ կարողանան իշխանափոխություն անել։ Օտարահունչ տրիգեր բառը լսելուն պես շփոթված, չկողմնորոշվածներին հուշենք, որ խոսքը բնավ մեսիայի երկրորդ գալստյան մասին չէ, այլ այնպիսի մի ցնցող իրադարձության, որն էլ որպես ազդակ, խթան կօգտագործվի՝ Նիկոլ Փաշինյանի հեռացման հարցը լուծելու համար։ «Ես նախորդ անգամ ասեցի՝ լինելու է տրիգեր, որն ընդդիմությունը օգտագործելու է։ Իրենք կորցրել են իրականությունը, չեն հասկանում՝ ինչ են անում»,- նշել է Կարապետյանն ու այդպես էլ չի նշել, թե ինչ ժամկետում է ակնկալում կամ կանխատեսվում իր ասած այդ տրիգերը։ Փորձենք կարճ բացատրել, թե ինչ է տրիգերը՝ արտաքին կամ ներքին ազդակ, որն ակամա արթնացնում է ուժեղ հուզական կամ ֆիզիկական ռեակցիա։ Փաստորեն, ըստ ուժեղների ու մյուս ընդդիմադիր ուժերի «ուժեղ» լոգիկայի՝ «տրիգեր» չէր ՍԴ՝ օրերս հրապարակված որոշումը, որով «նյետ» ասվեց ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու և նոր ընտրություններ նշանակելու ընդդիմության պահանջին։ «Տրիգեր» չէր նաև ընտրությունների արդյունքները բողոքող ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի դեմ իրականացվող քրեական հետապնդումն ու դրանով պայմանավորված իրավապահների գործողությունները։ Ուժեղների սիրտը այլ ուժգնության «տրիգեր» է ուզում, նման թույլ դոզաներով տրիգերների վրա իրենք խաղադրույք չեն անում։
Ի դեպ, որ ուժեղները իշխանափոխության
իրենց պլանները կառուցում են ենթադրյալ տրիգերների վրա, շաբաթներ առաջ կայքերից մեկի
հետ զրույցում բերնից թռցրեց նաև ուժեղաց պատգամավորի թեկնածու Գոհար Մելոյանը։ Նրա
դիտարկմամբ՝ այդ տրիգերը կարող է լինել նոր Սահմանադրության տեքստը, որը, ըստ տիկին
Մելոյանի, ունենալու է «հրթիռային ազդեցություն»։ Համարյա «Իսկանդեր»-ի պես։ «Ցանկացած
քաղաքացու համար դա տրիգեր է լինելու։ Անձամբ ինձ համար էլ զուգահեռ շատ տրիգերներ
են գնում։ Ինձ համար տրիգեր է նաև Անկախության հռչակագրի մասին վարչապետի հայտարարությունները։
Եվ այո, մենք վտանգավոր օրակարգերի սպասելիքներ
դեռ ունենք»։ Լսեցի՞ք, հարգելի ունկնդիրներ,
ուժեղները ակնկալում են, որ մեր պետության առջև առաջիկայում կծագեն մարտահրավերներ՝
ինչ-որ վտանգավոր օրակարգեր, որոնք ընդդիմությունը կօգտագործի՝ վերածելով «տրիգերի»,
ու ժողովրդին փողոց կհանի՝ մեկընդմիշտ լուծելով ՔՊ-ին իշխանազրկելու հարցը։
Մելոյանի ու նրա շեֆի այս հայտարարությունները
մեզ մոտ դեժավյու հարուցեցին՝ նախկինում էլ իրենց կոլեգա այլ ընդդիմադիր ուժեր էին
կանխատեսում արմագեդոններ՝ պատերազմի, հողահանձնության, «Զանգեզուրի միջանցքը» տալու
տեսքով, ակնկալելով, որ դրանք դարձնեն տրիգերներ ու դիմադրության, սրբազան և այլազան
շարժումներ սկսեն՝ դրանից բխող հետևանքներով։ Այդ ընդդիմադիր ուժերը, նկատենք, սրտի կսկիծով արձագանքեցին պատերազմի ռիսկերի չեզոքացմանը,
խաղաղության համաձայնագրի նախաստորագրմանը, «Զանգեզուրի միջանցքի» փոխարեն ԹՐԻՓՓ-ի
շուրջ համաձայնության ձեռք բերմանը։ Ընդդիմության անունները մեկումեջ փոխվում են, բայց
նրանց չարագույժ ակնկալիքները, փաստորեն, ոչ։ Էստեղ են ասել՝ ընդդիմություն մի ասա,
այլ՝ քաղաքական բայղուշների խմբակ ասա, բարեբախտաբար՝ ամուլ, իմպոտենտ, անգանգ, անգաղափար
ու «փոքրիկ խմբակ»։