Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարևոր դեր է խաղացել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագրի ձեռք բերման գործում։ Այս մասին հաղորդում է ամերիկյան The Floridian պարբերականը։
Տեղեկատվության
համաձայն՝ Ադրբեջանի նախագահ
Իլհամ Ալիևը, ելույթ ունենալով Շուշիում
4-րդ գլոբալ մեդիաֆորումի շրջանակներում,
բարձր է գնահատել Թրամփի վարչակազմի աջակցությունը խաղաղության գործընթացին։
Ինչպես գրում է պարբերականը, Breitbart News-ի հետաքննող լրագրող Ջոշուա
Քլայնը հարցրել է Ալիևին, թե ինչ ներդրում է
ունեցել Դոնալդ Թրամփը Ադրբեջանի և
Հայաստանի միջև խաղաղության գործընթացում՝ ի տարբերություն ԱՄՆ
նախորդ վարչակազմերի, մասնավորապես՝ Բայդենի վարչակազմի։ Ի պատասխան Ալիևը հայտարարել է, որ Թրամփի մոտեցումը սկզբունքորեն տարբերվել է իր իրավանախորդների մոտեցումներից:
«Նախագահ
Թրամփի մոտեցումը այլ էր. նա
խաղաղասեր մարդ է, որը կարող է խաղաղություն բերել:
Ինչպես անձամբ ինքը բազմիցս նշել է, նախագահ Թրամփը վերջ է դրել ութ հակամարտության
աշխարհի տարբեր անկյուններում: Այդպիսին է նրա խառնվածքը, նրա
տեսլականը և նրա քաղաքականությունը: Ինչ վերաբերում է մեր հարցին (Հայաստանի հետ
հակամարտությանը), ապա այստեղ նույնպես նա շատ կարևոր դեր է խաղացել:
Որովհետև երբ Ադրբեջանն ու Հայաստանը բանակցությունների վերջին փուլում էին, հենց
նախագահ Թրամփն ու նրա թիմն էին ստեղծել այն պայմանները, որոնք հնարավոր դարձրին
խաղաղությունը»,- ասել է Ալիևը:
The Floridian-ը գրում է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը նաև անդրադարձել է Սպիտակ տանը
Դոնալդ Թրամփի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ պատմական հանդիպմանը և հիշեցրել,
որ այս հանդիպման ընթացքում ձեռք է բերվել խաղաղության համաձայնագիր։