ԱՄՆ-ն և Իրանը չորրորդ գիշերն անընդմեջ փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց։ ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM) հայտնել է, որ ամերիկացի զինվորականները հարվածներ են հասցրել Հորմուզի նեղուցի մոտակայքում և Իրանի ափամերձ շրջաններում գտնվող տասնյակ ռազմական օբյեկտների։
Զինվորականները
հայտնել են, որ ԱՄՆ հարվածների շարքը տևել է յոթ ժամ։ Ամերիկյան կործանիչները,
անօդաչուները և նավերը հարվածել են
իրանական հրթիռային օբյեկտներին, դրոնների բազաներին, ռազմածովային ուժերին և առափնյա պահպանության համակարգերին։
Իրանը,
ի պատասխան ամերիկյան հարձակումների,
հայտարարել է, որ
հարվածել է Պարսից ծոցի երկրներում
գտնվող ամերիկյան բազաներին։ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ)
պնդում է, որ գրոհել է Քուվեյթի Մինա Աբդուլլահ շրջանում գտնվող ԱՄՆ բանակի նյութատեխնիկական ապահովման
կենտրոնը, Բահրեյնում ԱՄՆ Հինգերորդ նավատորմի օբյեկտները և
Հորդանանի Ալ-Ազրաք քաղաքում գտնվող ԱՄՆ բազան։
Բացի դրանից, ԱՄՆ-ն վերականգնել է նավերի ծովային շրջափակումը, որոնք
ուղևորվում են
իրանական նավահանգիստներ և ափամերձ շրջաններ
կամ այնտեղից դուրս գալիս։
Հուլիսի 14-ի նախօրեին շրջափակման վերականգնման
մասին հայտարարել է ԱՄՆ
նախագահ Դոնալդ Թրամփը։
ԱՄՆ
առաջնորդը նաև սպառնացել է հարվածներ հասցնել իրանական էլեկտրակայաններին և կամուրջներին, եթե Թեհրանը չվերսկսի
ԱՄՆ-ի հետ գործարքի շուրջ բանակցությունները: Նրա խոսքով՝ ամերիկացի բանակցողները կապի մեջ են Իրանի ներկայացուցիչների հետ, որպեսզի նրանց ասեն. «Ձեզ համար ավելի
լավ է գործարք կնքել»: