Կառավարությունը սկսում է ԹՐԻՓՓ-ի վավերացումը. փաստաթուղթը կուղարկվի ՍԴ

Հայաստանի և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախագծի՝ ԹՐԻՓՓ-ի վերաբերյալ ռազմավարական համագործակցության շրջանակային համաձայնագրի վավերացման հարցն ընդգրկված է Կառավարության հուլիսի 16-ի նիստի օրակարգում։


«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ չզեկուցվող նախագծով Կառավարությունն առաջարկում է հավանություն տալ համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագծին։


Շրջանակային համաձայնագիրը ստորագրվել է 2026 թվականի հունիսի 1-ին՝ Վաշինգտոնում և հունիսի 4-ին՝ Երևանում։


Կառավարության որոշման նախագծով նախատեսվում է համաձայնագրում ամրագրված պարտավորությունների՝ Հայաստանի Սահմանադրությանը համապատասխանությունը որոշելու նպատակով դիմել Սահմանադրական դատարան։


Սահմանադրական դատարանի կողմից համաձայնագրում ամրագրված պարտավորությունները Սահմանադրությանը համապատասխանող ճանաչելու դեպքում Կառավարության օրենսդրական նախաձեռնությունը սահմանված կարգով կներկայացվի Ազգային ժողով։


Սահմանադրական դատարանում Կառավարության ներկայացուցիչ կնշանակվի արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը։


Նախագծի հիմնավորման համաձայն՝ օրենքի ընդունմամբ կապահովվեն ԹՐԻՓՓ-ի վերաբերյալ Հայաստանի և ԱՄՆ-ի ռազմավարական համագործակցության շրջանակային համաձայնագրի ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ընթացակարգերը։


Օրենքի նախագիծը մշակվել է Հայաստանի արտաքին գործերի նախարարության կողմից և բխում է ԱՄՆ-ի հետ հարաբերությունները բազմակողմանիորեն զարգացնելու՝ Կառավարության առաջնահերթություններից։