Աշխարհահռչակ օծանելիքագործ Ֆրանսիս Քուրքջյանը արժանացել է Պատվո լեգեոնի շքանշանի Ասպետի կոչմանը

Աշխարհահռչակ օծանելիքագործ, հայազգի, Dior օծանելիքի շարքի ստեղծագործական տնօրեն և Maison Francis Kurkdjian-ի հիմնադիր Ֆրենսիս Քուրքջյանը ինստագրամյան իր էջում հայտնել է, որ ինքն արժանացել է Ֆրանսիայի բարձրագույն պետական պարգևներից մեկին՝ Պատվո լեգեոնի ասպետի կոչմանը։


«Ես այս մրցանակը մեծ պատիվ եմ համարում և կիսում եմ այն բոլորի հետ, որոնք տարիների ընթացքում ուղեկցել են ինձ»,- գրել է նա։


Քուրքջյանը նաև հիշել է իր տատիկին և պապիկին, որոնք փրկվել էին Հայոց ցեղասպանությունից և ապաստան գտել Ֆրանսիայում։


«Այսօր ես հուզմունքով եմ հիշում իմ տատիկ-պապիկներին, որոնք վերապրել են Հայոց ցեղասպանությունը և փախստական դարձել Ֆրանսիայում։ Նրանց քաջությունը, իրենց նոր հայրենիքի հանդեպ հավատը և ինձ փոխանցած արժեքները այս մրցանակին տալիս են հատուկ նշանակություն»,- հավելել է նա։


Ֆրանսիս Քուրքջյանը պարգևատրվել է օծանելիքի արվեստում իր բացառիկ ներդրման և ֆրանսիական մշակույթը միջազգային մակարդակում փայլուն ներկայացնելու համար։


Այս պարգևին տարիների ընթացքում արժանացել են Նելսոն Մանդելան, Սթիվեն Սփիլբերգը, Շառլ Ազնավուրը, Ժան-Պոլ Գոտիեն, ինչպես նաև բազմաթիվ գիտնականներ, արվեստագետներ, պետական ու հասարակական գործիչներ։