Կիևի վրա Ռուսաստանի իրականացրած հերթական զանգվածային հրթիռային հարձակման հետևանքով վնասվել է Ուկրաինայում Ադրբեջանի դեսպանատան վարչական շենքը։
Ադրբեջանական պաշտոնական աղբյուրների փոխանցմամբ՝ հրթիռն ընկել է դեսպանատան շենքից մոտ 200-250 մետր հեռավորության վրա՝ «Լուկյանովկա» մետրոյի կայարանի հարակից տարածքում։ Պայթյունի հարվածային ալիքի հետևանքով դեսպանատան շենքում կոտրվել են ապակիները, իսկ առաստաղին առաջացել են ճաքեր։
Նախնական տեղեկությունների համաձայն՝ դեսպանատան աշխատակիցների շրջանում տուժածներ չկան։
Նույն հարձակման հետևանքով վնասներ են կրել նաև Կիևի Շևչենկոյի շրջանի մի շարք շենքեր, այդ թվում՝ «Լուկյանովկա» մետրոյի կայարանի մուտքը, բնակելի տներ և ավտոմեքենաներ։ Ուկրաինական իշխանությունների տվյալներով՝ կան զոհեր և վիրավորներ, իսկ փրկարարական աշխատանքները շարունակվում են։