Դատարան են հանձնվել «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածու Դավիթ Ղազինյանի ընտրակաշառքի քրվարույթի նյութերը

Դատախազը 2026 թվականի հուլիսի 21-ին, հաստատված մեղադրական եզրակացությամբ, Հակակոռուպցիոն դատարան է հանձնել «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի պատգամավորի թեկնածու Դավիթ Ղազինյանի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը:


«Հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթով պարզվել է, որ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի պատգամավորի թեկնածու Դավիթ Ղազինյանը, նույն դաշինքի Երևանի Վ. Փափազյան փողոցի 29 շենքի 73 հասցեում գործող գրասենյակի աշխատանքը փաստացի համակարգող Ա.Մ.-ի, դաշինքի համակիր Ա.Ս.-ի և այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ նախապատրաստվել է ընտրակաշառք տալ ընտրողներին՝ Ազգային ժողովի 2026 թվականի հունիսի 7-ին նշանակված հերթական ընտրություններին «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի օգտին քվեարկելու պայմանով։


Հանցավոր մտադրությունն իրագործելու նպատակով Դավիթ Ղազինյանն Ա.Ս.-ին է փոխանցել 1 միլիոն 400 հազար դրամ՝ ընտրակաշառք տալու համար օգտագործելու նպատակով, սակայն հանցակիցների միջև ընտրակաշառքի գումարը բաշխելու և ընտրողներին փոխանցելու եղանակների շուրջ առաջացած տարաձայնությունների պատճառով ծրագրված հանցագործությունը Դավիթ Ղազինյանի կամքից անկախ հանգամանքներով ավարտին չի հասցվել, իսկ գումարը հետագայում փոխանցվել է Ա.Մ.-ին:


Նույն քրեական վարույթով հանրային քրեական հետապնդումներ են հարուցվել նաև Ա.Մ.-ի, Ա.Ս.-ի, Լ.Ս.-ի, Ս.Հ.-ի, Գ.Հ.-ի, Հ.Գ.-ի և Պ.Ջ.-ի նկատմամբ՝ ընտրակաշառք տալու, ընտրակաշառք տալու նախապատրաստության և ընտրակաշառք ստանալու համար։


2026 թվականի հուլիսի 21-ին քրեական վարույթի նյութերը՝ հաստատված մեղադրական եզրակացությամբ, հանձնվել են Հակակոռուպցիոն դատարան»,- ասվում է դատախազության հաղորդագրության մեջ։