40 հազարական դրամի խոստում՝ «Միասնության թևերի» օգտին քվեարկելու համար. Գործն ուղարկվել է Հակակոռուպցիոն դատարան

Դատախազը 2026 թվականի հուլիսի 22-ին, հաստատված մեղադրական եզրակացությամբ, Հակակոռուպցիոն դատարան է հանձնել «Միասնության թևեր» կուսակցության օգտին քվեարկելու պայմանով ընտրակաշառք տալու և ընտրակաշառք ստանալու վերաբերյալ քրեական վարույթի նյութերը:


Դատախազության տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ Հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթով պարզվել է՝ Սյունիքի մարզի Կապան համայնքի Արծվանիկ բնակավայրի վարչական ղեկավարի պաշտոնը զբաղեցրած Ա.Հ.-ն 2026 թվականի հունիսի 7-ին նշանակված Ազգային ժողովի հերթական ընտրությանը մասնակցելու և «Միասնության թևեր» կուսակցության օգտին քվեարկելու պայմանով, Ալ.Հ.-ին խոստացել է ընդգրկել ՓԲ ընկերության կողմից Արծվանիկ բնակավայրի բնակիչների որոշակի խմբին ամսական տրամադրվող 40 հազար դրամ օգնության ցուցակում:


Դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել Արծվանիկ բնակավայրի վարչական ղեկավարի պաշտոնը զբաղեցրած Ա.Հ.-ի և Ալ.Հ.-ի նկատմամբ՝ ընտրակաշառք տալու և ընտրակաշառք ստանալու համար։


2026 թվականի հուլիսի 22-ին քրեական վարույթի նյութերը՝ հաստատված մեղադրական եզրակացությամբ, հանձնվել են Հակակոռուպցիոն դատարան։


Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: