Լոռու մարզի դպրոցներից մեկում սովորողների նկատմամբ դրսևորվել են ֆիզիկական բռնության դեպքեր

Հայաստանի Հանրապետության կրթության տեսչական մարմինը վարչական վարույթ է իրականացրել «ՀՀ Լոռու մարզի N միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ում՝ 2026 թվականին «Ֆիզիկա» առարկայի ուսուցչի և VII դասարանի սովորողի միջև տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ։


«Դասաժամին սովորողը (կոշիկի քուղերը կապելու պատրվակով) մտել է նստարանի տակ և չի ենթարկվել դուրս գալու պահանջին։ Դեպքի առնչությամբ ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության կողմից նախաձեռնվել է քրեական վարույթ (ՀՀ քր. օր. 171-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետ և 247-րդ հոդվածի 1-ին մաս)։


Այս դեպքի առնչությամբ դպրոցի տնօրինությունը նախաձեռնել է մանկավարժական խորհրդի արտահերթ նիստ, որոշվել է ուժեղացնել հոգեբանական, մեթոդական և կանխարգելիչ աշխատանքները։


Կազմակերպվել է արտահերթ համադպրոցական ծնողական ժողով և աշակերտական խորհրդի ընդհանուր ժողով։


ՀՀ «Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոն» ՊՈԱԿ-ի հոգեբանի կողմից դպրոցում իրականացվել է ուսումնասիրություն, որի արդյունքները տրամադրվել են տեսչական մարմնին։


Ուսումնասիրության արդյունքում արձանագրվել է, որ սովորողների նկատմամբ դրսևորվել են ֆիզիկական (ձեռքերից բռնել, պատին հենել, թափահարել) բռնության դեպքեր, ինչը հաստատվել է դասալսումների և անցկացված զրույցների ընթացքում։ Թեև սովորողների հոգեվիճակը գնահատվել է կայուն և խորքային հոգեբանական վնասվածքներ չեն բացահայտվել, արձանագրվել է մտահոգիչ երևույթ. սովորողների շրջանում նմանատիպ վարքագիծն ընկալվում է որպես սովորական, ընդունելի և իրենց սեփական արարքներով պատճառաբանված։


Տեսչական մարմնի և փորձագետի ուսումնասիրությամբ հիմնավորվել է, որ հաստատության հոգեբանի (ով նաև դասղեկն է) աշխատանքները բարենպաստ հոգեբանական մթնոլորտի ձևավորման, վարքային խնդիրների կանխարգելման և միջանձնային հարաբերությունների կարգավորման ուղղությամբ եղել են ոչ բավարար չափով արդյունավետ, ինչն էլ նպաստել է սովորողի մոտ վարքային խնդիրների դրսևորմանը։ Ուսուցչի օգնականը թույլ է տվել փաստաթղթավորման թերացումներ (առկա չեն գրավոր վերլուծություններ)։


Տեսչական մարմինը, հիմք ընդունելով վարչական վարույթի ուսումնասիրությունները, փորձագետի եզրակացությունը և մասնակիցների ցուցմունքները, արձանագրել է դպրոցի աշխատակիցների (տնօրեն, տեղակալ, ԿԱԴԱՀ, հոգեբան, ուսուցչի օգնական) պաշտոնային պարտականությունների ոչ լիարժեք իրականացումը, ինչպես նաև ֆիզիկայի ուսուցչի կողմից մասնագիտական վարքագծի կանոնների խախտում։


Վարչական վարույթի արդյունքում դպրոցին տրվել են հանձնարարականներ՝


Մշակել VII դասարանի հոգեբանական աշխատանքների պլան (խմբային և անհատական աշխատանքներ, կանխարգելիչ միջոցառումներ) և վարել համապատասխան գրավոր փաստաթղթեր։


Իրականացնել պարբերական դիտարկումներ VII դասարանի սովորողների ուսումնառության խնդիրների վերաբերյալ և կազմել գրավոր վերլուծություններ։


Ծնողների հետ կազմակերպել պարբերական հանդիպումներ ու խորհրդատվություններ՝ զարգացնելու ծնողավարման հմտությունները և ամրապնդելու դպրոց-ընտանիք կապը։


Կրթական աջակցությունների և դաստիարակչական աշխատանքների համակարգողին (ԿԱԴԱՀ)


Համակարգել մասնագիտացված ծառայությունների (դասղեկ, հոգեբան, ուսուցչի օգնական) աշխատանքները և կազմել ամփոփ հաշվետվություն։


Դասավանդման ընթացքում կիրառել մեթոդներ, որոնք կնպաստեն սովորողների մոտ դրական անձնային հատկանիշների (ինքնավերահսկում, պատասխանատվություն, ուսման արժևորում) ձևավորմանը։


ՀՀ կրթության տեսչական մարմինը, իր առաքելությանը համահունչ, հետևողականորեն շարունակում է իրականացնել իր վերահսկողական գործառույթները՝ ուղղված հանրակրթական ուսումնական հաստատություններում օրենսդրության պահանջների պահպանմանը, տրված հանձնարարականների լիարժեք ու պատշաճ կատարմանը»,- ասվում է տեսչական մարմնի հաղորդագրության մեջ: