Ջարեդ Լետոն հերքել է իր հասցեին հնչած սեռական բռնության մեղադրանքները

Օսկարակիր դերասան և երաժիշտ Ջարեդ Լետոն հերքել է BBC-ի վավերագրական ֆիլմում ներկայացված սեռական բնույթի մեղադրանքները, որոնք հնչեցրել են չորս կանայք։ Նրանք պնդում են, որ ենթադրյալ դեպքերը տեղի են ունեցել 2002–2016 թվականներին, երբ իրենք դեռահասներ էին, իսկ Լետոն՝ 30-40 տարեկան։


Մեղադրանքներից մեկի համաձայն՝ դերասանը 17-ամյա աղջկա նկատմամբ սեռական բռնություն է գործադրել հյուրանոցի լոգարանում, իսկ մեկ այլ կին հայտնել է, որ 19 տարեկանում Լետոն իրեն սպառնացել է սեռական բռնությամբ հյուրանոցային համարում։


Լետոյի ներկայացուցիչը դերասանի անունից տարածած հայտարարությամբ կտրականապես հերքել է բոլոր մեղադրանքները՝ նշելով. «Ես իմ ամբողջ կյանքում երբեք որևէ մեկի նկատմամբ սեռական բռնություն չեմ գործադրել։ Այս պնդումները բացարձակապես և միանշանակ կեղծ են»։