Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում առաջընթաց է սպասվում. Բայրամով

Ադրբեջանի և Հայաստանի միջև երկկողմ բանակցությունները կարևոր արդյունքներ են տալիս խաղաղության գործընթացում։


Այս մասին Բաքվում Շվեյցարիայի Համադաշնության արտաքին գործերի դաշնային նախարար և ԵԱՀԿ գործող նախագահ Իգնացիո Կասիսի հետ համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը։


Բայրամովի խոսքով՝ երկու երկրների միջև այժմ ստեղծվել են փաստացի խաղաղության պայմաններ, և քայլեր են ձեռնարկվում վստահության ամրապնդման ուղղությամբ։


«Այսօր մենք կարող ենք վստահորեն ասել, որ երկկողմ ձևաչափը ապացուցել է իր արդյունավետությունը խաղաղության օրակարգի առաջխաղացման գործում: Ձեռք բերված արդյունքները ևս մեկ անգամ հաստատում են դա», – նշել է Բայրամովը: