Տանտիրուհու դստեր ընկերուհին գտել էր տան բանալին ու գումարներ գողացել․ Ոստիկանության բացահայտումը

ՆԳՆ ոստիկանությունից հայտնում են, որ Վայոց ձորի քրեական ոստիկանները բացահայտել են բնակարանային գողության դեպք։


Բնակարանային գողության վերաբերյալ հաղորդումը ստացվել էր օգոստոսի 7-ի գիշերը։ Տանտիրուհին հայտնել էր, որ նախորդ օրը Եղեգնաձոր քաղաքում գտնվող իրենց տան դուռն ու պատուհանը փակ լինելու պայմաններում ներս են մտել և գողացել 35 հազար դրամ։


Դեպքի վայր մեկնած Քրեական ոստիկանության Վայոց ձորի մարզային վարչության օպերատիվ խումբը պարզել է, որ դուռը բացել են հենց տան կողպեքի բանալիով։


Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում իրականացված միջոցառումներով պարզվել է, որ գողությունը կատարել է տանտիրուհու դստեր ընկերուհին, որն անցած ամսվա վերջին գտել էր տան կորցրած բանալին։


Առաջիկա օրերին աղջիկը բանալիով երկու անգամ բացել էր դուռն ու գողացել հինգ հական դրամ։ Իսկ օգոստոսի 6-ին, երբ նա կրկին մտել ու այս անգամ տարել էր 25 հազար դրամ, տանտիրուհին նկատել էր կորուստն ու ահազանգել ոստիկանություն։


Օգոստոսի 8-ին աղջիկը հրավիրվել է ոստիկանություն, որտեղ ընդունել է արարքը։


Հանգամանքները պարզվում են։