Հարավային Կորեայի ֆերմերները բախվել են բերքի մասսայական կորստի աննախադեպ ճգնաժամի հետ՝ ռեկորդային շոգի պատճառով, որը որոշ շրջաններում հողը բառացիորեն վերածել է «վառարանի», հայտնում է The Guardian-ը:
Յանգու շրջանից ֆերմեր Լի Սան Հյոկը պատմել է, որ ընդամենը մեկ շաբաթվա ընթացքում իր կարտոֆիլի ողջ բերքը գրեթե ամբողջությամբ ոչնչացվել է։ Դեռ վերջերս բույսերը առողջ տեսք ունեին, սակայն էքստրեմալ բարձր ջերմաստիճանների հետևանքով հողի տակ գտնվող կարտոֆիլը փափկել է ու սկսել քայքայվել։
«Այն վերածվել է եփած կարտոֆիլի, և սա միայն մեկ կամ երկու դաշտում չէ։ Էլ չգիտեմ՝ ինչպես նկարագրեմ, սա ուղղակի ողբերգություն է», - պատմել է ֆերմերը:
Երկրի Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի տվյալներով՝ անոմալ շոգն արդեն առնվազն 31 մարդու մահվան պատճառ է դարձել։ Բացի այդ, տապից սատկել է ավելի քան 900,000 գյուղատնտեսական կենդանի և 1.4 միլիոն ձուկ:
Իշխանությունները պաշտոնական ահազանգ են հնչեցրել՝ հորդորելով քաղաքացիներին անհապաղ դադարեցնել բացօթյա ցանկացած գործունեություն:
Իրավիճակն ավելի է բարդանում նրանով, որ ֆերմերների մի մասը չի կարողանա ապահովագրական հատուցում ստանալ։ Հարավային Կորեայի գյուղատնտեսական ապահովագրության համակարգը ծածկում է միայն կոնկրետ մշակաբույսեր, մշակման եղանակներ և շրջաններ։