Մեղրիի համայնքային ոստիկանները Շվանիձոր բնակավայրում ապօրինի արդյունահանման դեպք են բացահայտել։ Այս մասին հայտնում են ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից։
Համայնքային ոստիկանության Մեղրիի բաժնի ծառայողները նախապես օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ Շվանիձոր գյուղի վարչական տարածքում ապօրինի արդյունահանման աշխատանքներ են իրականացվում։
Օգոստոսի 10-ին իրականացված ստուգումների արդյունքում նշված տարածքում հայտնաբերվել է սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություններից մեկին պատկանող էքսկավատոր, ինչպես նաև մեկ այլ ընկերության երեք բեռնատար՝ արդեն իսկ բեռնված ավազակոպճային հանքանյութով։
Ստուգման պահին տարածքում առկա է եղել շուրջ 5,5 հազար խորանարդ մետր հանքանյութ, որը, ըստ նախնական տվյալների, պետք է տեղափոխվեր Վարդանիձորում գտնվող երրորդ ընկերության արտադրամաս՝ հետագա մշակման նպատակով։
Բեռնատարները տեղափոխվել են պահպանվող հատուկ տարածք, էքսկավատորը վերցվել է հսկողության տակ, իսկ կազմված նյութերն ու փաստաթղթերը փոխանցվել են Սյունիքի մարզային քննչական վարչություն։
Դեպքի բոլոր հանգամանքները պարզվում են։