Վահան Կոստանյանը Կիևում հանդիպել է Ուկրաինայի Գերագույն ռադայի նախագահի տեղակալի հետ

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար Վահան Կոստանյանը Կիև աշխատանքային այցի շրջանակներում հանդիպում է ունեցել Ուկրաինայի Գերագույն ռադայի նախագահի տեղակալ Օլենա Կոնդրատյուկի հետ: Այս մասին հայտնում են ՀՀ արտաքին գործերի նախարարությունից։


Զրուցակիցներն անդրադարձ են կատարել Հայաստան-Ուկրաինա հարաբերությունների զարգացման հեռանկարներին, ընդգծել համատեղ ջանքերով վերջին շրջանում ակտիվացած բարձրաստիճան շփումների հետագա ընդլայնման և երկկողմ օրակարգի առավել ամրապնդման անհրաժեշտությունը:


Կարևորելով միջխորհրդարանական համագործակցության դերը երկկողմ հարաբերությունների առաջմղման գործում՝ Վահան Կոստանյանը և Օլենա Կոնդրատյուկն ընդգծել են երկու երկրների խորհրդարանների միջև կապերի առավել սերտացման, ինչպես նաև բազմակողմ խորհրդարանական հարթակներում համագործակցության խորացման կարևորությունը:


Մտքեր են նաև փոխանակել տարածաշրջանային և միջազգային կարևորության հարցերի շուրջ։ Ընդգծվել է կայուն և տևական խաղաղության առաջմղման կարևորությունը: