Ուժեղ քամին վնասներ է պատճառել Երևանում և մարզերում

ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ օգոստոսի 14-ին՝ ժամը 20:00-ից, 112 օպերատիվ կառավարման կենտրոնում ահազանգեր են ստացվել ուժեղ քամիների վերաբերյալ։ Դեպքերը գրանցվել են մասնավորապես Երևանի Կենտրոն, Նոր Նորք, Էրեբունի, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջաններում, ինչպես նաև Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում։



Քամու հետևանքով վնասվել են տանիքներ, թիթեղներ, էլեկտրական լարեր, ավտոմեքենաներ, տապալվել են ծառեր, թեքվել լուսավորության սյուներ և փակվել ճանապարհներ։



Փրկարար ծառայության համապատասխան ստորաբաժանումներն օպերատիվորեն արձագանքել են բոլոր ահազանգերին։ Տեղում իրականացվել են տապալված ծառերի մասնատման ու հեռացման, պոկված թիթեղների, թեքված սյուների ապամոնտաժման ու ամրացման, տարածքների սահմանազատման և այլ համապատասխան աշխատանքներ։



Դեպքերի վերաբերյալ տեղեկատվությունը փոխանցվել է պատկան մարմիններին։