ՀՀ ՆԳՆ կիբեռոստիկանությունը հայտարարություն է տարածել՝ զգուշացնելով ծնողներին առցանց խաղերում երեխաներին սպառնացող լուրջ վտանգների և կիբեռբուլինգի (առցանց հետապնդման ու ծաղրի) ռիսկերի մասին։
Ինչպես նշվում է հայտարարության մեջ, ժամանակակից օնլայն խաղերը հաճախ վերածվում են հաղորդակցման հարթակների, որտեղ անմեղ թվացող միջավայրում թաքնված են հոգեբանական ճնշումների և անձնական տվյալների արտահոսքի մեծ ռիսկեր․
Անձնական տվյալների արտահոսք․ Երեխաները, վստահելով առցանց «խաղընկերներին», փոխանցում են լուսանկարներ, հեռախոսահամարներ կամ այլ զգայուն տեղեկություններ։
Ծաղր և բուլինգ․ Ստացված լուսանկարներն ու տվյալները հաճախ տարածվում են սոցիալական ցանցերում (օրինակ՝ Telegram-ի փակ կամ բաց խմբերում)՝ երեխային թիրախավորելու նպատակով։
Հոգեբանական ծանր հետևանքներ․ Երկարատև ճնշումը կարող է հասցնել երեխային ուժեղ սթրեսի, ագրեսիայի կամ ինքնավնասման մտքերի։
ՆԳՆ Կիբեռոստիկանությունը հորդորում է ծնողներին հետևել անվտանգության հետևյալ կանոններին․
Խոսե՛ք երեխայի հետ․ Բացատրեք, որ առցանց «խաղընկերը» իրական ընկեր չէ, և անծանոթներին չի կարելի ուղարկել անձնական տվյալներ կամ լուսանկարներ։
Վերահսկե՛ք անվտանգությունը․ Ստուգեք խաղերի և մեսենջերների գաղտնիության կարգավորումները (Privacy Settings)՝ սահմանափակելով անծանոթների կողմից նամակագրություն սկսելու հնարավորությունը։
Ապահովեք վստահելի միջավայր․ Վստահեցրեք երեխային, որ ցանկացած սպառնալիքի կամ ծաղրի դեպքում նա կարող է դիմել Ձեզ և չի պատժվի։
Ճիշտ արձագանքեք․ Ծաղրի կամ սպառնալիքի հանդիպելիս՝ պահպանեք (Screenshot) ողջ նամակագրությունը, արգելափակեք օգտատիրոջը և մի՛ մտեք փոխադարձ սպառնալիքների մեջ։
Եթե Ձեր երեխան ենթարկվել է առցանց հարձակման կամ կիբեռբուլինգի, անհապաղ դիմեք իրավապահ մարմիններին։