Գլենդեյլում փոստային գողությունների և խարդախության մեղադրանքով 5 հայ է ձերբակալվել

Գլենդեյլի ոստիկանության վարչությունը օգոստոսի 13-ին տեղեկացրել է փոստային առաքանիների գողության, անձնական տվյալների յուրացման և վարկային քարտերով խարդախություններ անելու գործով հինգ հայերի ձերբակալության մասին։ Հետաքննության առիթ է դարձել այն տեղեկությունը, որ անհայտ անձինք ապօրինի մուտք են գործում West Colorado Street-ի 500-րդ թաղամասում գտնվող բազմաբնակարան շենքի բնակիչների փոստարկղեր և հափշտակում նամակներն ու առաքանիները։



Քննությամբ պարզվել է, որ կասկածյալները, ուրիշների նույնականացման տվյալներն օգտագործելով, վերջիններիս անունով խարդախությամբ վարկային քարտեր են ձևակերպել, որոնք հետագայում ուղարկվել են նույն բնակելի համալիրի հասցեներով։ Անարգել մուտք ապահովելու նպատակով հանցագործները նաև փոխել էին փոստարկղերի փականները՝ դրանք փոխարինելով կեղծերով։



Օգոստոսի 13-ին իրականացված խուզարկությունների արդյունքում ոստիկանները բնակելի համալիրում ձերբակալել են Գլենդեյլի հինգ բնակչի՝ 36-ամյա Ռազմիկ Բարսեղյանին, 27-ամյա Ռոբերտ Պողոսյանին, 35-ամյա Վահան Քալաշյանին, 26-ամյա Արմեն Հարությունյանին և 27-ամյա Արտյոմ Միլիտոնյանին։ Նրանք կասկածվում են գողության, անձնական տվյալների յուրացման և խարդախության հատկանիշներով նախատեսված հանցագործություններ կատարելու մեջ։



Ստուգումների ընթացքում հայտնաբերվել են այլ անձանց պատկանող մեծ քանակությամբ անձնական տվյալներ, վարկային քարտեր, դրանց վերակոդավորման սարքեր, ինչպես նաև կանխիկ դրամ ու ոսկի։ Այժմ հետաքննությունը շարունակվում է՝ հնարավոր այլ տուժածների բացահայտելու ուղղությամբ։ Նախատեսվում է գործն ուղարկել Լոս Անջելեսի շրջանի դատախազություն՝ մեղադրանք առաջադրելու հարցը լուծելու համար։