Քրեական ոստիկանության Արմավիրի մարզային վարչության ծառայողները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ Էջմիածնի և Երևանի բնակիչ երկու երիտասարդ պարբերաբար փորձում են կատարել բնակարանային գողություններ, և որոշ դեպքերում հաջողել են։ Այդ մասին հայտնում է ՀՀ ՆԳՆ ոստիկանությունը:
«Նախապատրաստական որոշակի գործողություններից հետո երիտասարդները վերցվեցին օպերատիվ հսկողության․ նպատակը նրանց հանցափաստով բռնելն էր։
Օգոստոսի 6-ի երեկոյան էջմիածնի 31-ամյա բնակչի վարած «Հոնդա» մակնիշի մեքենայով նրանք մեկնեցին մայրաքաղաք, գտնվելով օպերատիվ հսկողության տակ՝ մտան Օհանովի փողոցի երկու և Բաբաջանյան փողոցի չորս տարբեր շենքեր, սակայն որևէ բնակարանի դուռ բացել չկարողացան։ Այնուհետև տղամարդիկ վերադարձան 31-ամյա երիտասարդի տուն, թողեցին «Հոնդան» ու «Մերսեդեսով» մեկնեցին Էջմիածին քաղաքի Մաշտոցի փողոց։ Այստեղ մտան շենքերից մեկի շքամուտք, բայց այս անգամ էլ դռները փակ մնացին։ Իսկ շքամուտքից դուրս գալիս, նկատելով ոստիկաններին, երիտասարդները դիմեցին փախուստի՝ այդ ընթացքում «Մերսեդեսը» թողնելով Էջմիածնի Շիրազի փողոցում։
Փախուստը կարճ տրեց։ Ժամը 23-ի սահմաններում Էջմիածնի տարբեր փողոցներում երկուսն էլ ձերբակալվեցին ու տեղափոխվեցին Քրեական ոստիկանության Արմավիրի մարզային վարչություն։ «Մերսեդեսը» Շիրազի փողոցում վերցվեց հսկողության։
Վաղարշապատի քննչական բաժնում նախաձեռնվեց քրեական վարույթ։ Հետագա միջոցառումներով հիմնավորվեց, որ տղամարդիկ մինչ այս էլ Երևանում և Էջմիածնում կատարել են առնվազն երկու բնակարանային գողություն ու մի շարք փորձեր։
Երկուսն էլ կալանավորվել են։ Նախաքննությունը շարունակվում է»,- ասված է հաղորդագրության մեջ: