Վարչապետը ծանոթացել է Միջուկային բժշկության ազգային կենտրոնում ստեղծված պայմաններին և առաջիկա ծրագրերին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի, ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի ուղեկցության այցելել է Վ.Ա. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոն ՓԲԸ-ի միջուկային բժշկության ազգային կենտրոն: Նա շրջայց է կատարել կենտրոնում, ծանոթացել ստեղծված պայմաններին և առաջիկա ծրագրերին:


Կենտրոնը 2025 թ․ վերազինվել է և ընդլայնել իր գործունեության շրջանակը։ Պետական բյուջեի միջոցների հաշվին ներդրումը կազմել է ավելի քան 1 մլրդ 444 մլն դրամ: Կենտրոնի մասնակի վերանորոգման շինարարական աշխատանքների համար հատկացվել է ավելի քան 36 մլն դրամ, ձեռք են բերվել ավելի քան 1 մլրդ 407 մլն դրամի սարքավորումներ: Պետական բյուջեի հաշվին կատարված ներդրումների շնորհիվ կենտրոնը համալրվել է նորագույն, թվային ՊԷՏ/ՀՏ համակարգով, բարձր դասի սոնոգրաֆիկ ու մամոգրաֆիկ սարքավորումներով, կոլոնոսկոպիկ ու կոլպոսկոպիկ համակարգերով, ինչպես նաև անխափան սնուցման սարքավորումներով։


Միջուկային բժշկության ազգային կենտրոնը եզակի մասնագիտացված կենտրոն է, որը համալրված է բելգիական IBA ընկերության արտադրության ցիկլոտրոնով։ Կենտրոնի զարգացման շրջանակում արդեն իսկ իրականացված մրցութային գործընթացների արդյունքում ձեռք են բերվել համապատասխան սարքավորումներ՝ թեռանոստիկ բժշկության զարգացման նպատակով։


Ըստ պատասխանատուների՝ ենթակառուցվածքային և տեխնոլոգիական ստեղծված հնարավորությունները կարևոր նախադրյալներ են միջուկային բժշկության ախտորոշիչ և բուժական ուղղությունների հետագա զարգացման, նոր ռադիոֆարմպրեպարատների կիրառման, թեռանոստիկ մոտեցումների ներդրման, ինչպես նաև համապատասխան մասնագիտական ներուժի ձևավորման համար։


Մանրամասները՝ տեսանյութում