Կոստանյանը կարճատև զրույց է ունեցել Զելենսկու հետ

Օգոստոսի 15-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար Վահան Կոստանյանը Կիևում մասնակցել է Կիև-Պեչորյան մայրավանքի հիմնադրման 975-ամյակի տոնակատարություններին: Այդ մասին հայտնում են ԱԳՆ-ից։

Միջոցառումների շրջանակներում Վահան Կոստանյանը կարճատև զրույցներ է ունեցել Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու, ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Խալեդ Էլ-Էնանիի, ՄԱԿ-ի Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության գլխավոր քարտուղար Շեյխա Ալ Նոյիսի և Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Անդրեյ Սիբիհայի հետ:


Ուկրաինայի նախագահի և արտաքին գործերի նախարարի հետ զրույցների ընթացքում Վահան Կոստանյանը նրանց է փոխանցել ՀՀ բարձրագույն ղեկավարության շնորհավորանքները տոնակատարության առթիվ և ընդգծել մայրավանքի պատմական ու հոգևոր նշանակությունը, այդ թվում՝ հայ-ուկրաինական դարավոր պատմամշակութային կապերի համատեքստում։


Ընդգծելով վերջին շրջանում ակտիվացած բարձրաստիճան քաղաքական շփումներն ու տնտեսական փոխգործակցության դրական դինամիկան՝ զրուցակիցները կարևորել են Հայաստան-Ուկրաինա երկկողմ օրակարգը հարստացնելու և հարաբերություններն առավել ամրապնդելու նպատակով երկխոսության շարունակականության ապահովումը: