Shamshyan.com-ը հայտնում է, որ օգոստոսի 12-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 14։55-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Շենգավիթի բաժնում տեղեկություն է ստացվել, որ շտապօգնության խումբը «պոլիտրավմա» ախտորոշմամբ Գարեգին Նժդեհի հրապարակից «Էրեբունի» բժշկական կենտրոն է տեղափոխել մի տղամարդու։
Հիվանդանոց մեկնած ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողները պարզել են, որ բուժօգնության տեղափոխվածը ՌԴ քաղաքացի, 57-ամյա Անդրեյ Բ․-ն է։ Վերջինս մի քանի ժամ անց, վերակենդանացման բաժանմունքում գիտակցության չգալով, մահացել է։
Շենգավիթի համայնքային ոստիկանները պարզել են նաև, որ նույն օրը՝ ժամը 14։00-ի սահմաններում, տղամարդը գտնվել է Երևանի մետրոպոլիտենի «Գարեգին Նժդեհ» կայարանի գետնանցման վերնամասում, որտեղից մոտ 10 մետր բարձրությունից ցած է ընկել։
Դեպքի փաստով ոստիկանության Շենգավիթի բաժնում կազմված փաստաթղթերը փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժին։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով։