ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնից հայտնում են, որ կասեցվել է անհատ ձեռնարկատեր Արման Ղանդիլյանին պատկանող զովացուցիչ ըմպելիքների արտադրամասի արտադրական գործունեությունը (Արարատի մարզ, գյուղ Նոր Կյանք, ապրանքանիշը՝ «Ֆրութ Եվա»):
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի տեսուչներն այս արտադրամասում հայտնաբերել են օրենսդրությամբ սահմանված սանիտարահիգիենիկ պահանջների մի շարք խախտումներ, մասնավորապես՝
արտադրական շինությունների նախագծումը, կառուցվածքը, դասավորվածությունն ու չափսերը չեն ապահովել սարքավորումների սպասարկումն ու վերանորոգումը, տարածքների մաքրումն ու ախտահանումը,
չի կանխարգելվել կենդանիների, կրծողների և միջատների ներթափանցումը,
չեն բացառվել պարենային հումքի և սննդամթերքի, աղտոտված և մաքուր գույքի խաչաձևող հոսքերը,
հատակների և պատերի մակերևույթները պատրաստված չեն եղել անջրանցիկ, լվացվող, ախտահանվող նյութերից,
առաստաղներն ապահով չեն եղել, ինչը չի կանխարգելել կեղտի կուտակումը, բորբոսի առաջացումը, մասնիկների թափվելու հնարավորությունը և խոնավության խտացումը,
դռները եղել են անհարթ, պատրաստված չեն եղել չներծծող նյութերից,
սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող բոլոր սարքավորումները, գործիքները, պարագաները և բեռնարկղերը կառուցված չեն եղել հիգիենայի պահանջները բավարարող նյութերից և չեն պահվել նորոգ ու բարվոք վիճակում,
սննդի կառույցը չի ունեցել սանհանգույց և հանդերձարան անձնակազմի համար։
Հայտնաբերված խախտումները վերացնելու համար սահմանվել է ժամկետ: