Հայաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերություն և «ԱԲ գործարան»․ Արարատ Միրզոյանն ընդունել է ԱՄՆ կոնգրեսականին

ՀՀ արտաքին գործերի նախարարությունից հայտնում են, որ օգոստոսի 18-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի զինված ուժերի հարցերով հանձնաժողովի անդամ Աբրահամ Համադեին:



Զրուցակիցներն ընդգծել են 2025 թվականի օգոստոսի 8-ի Վաշինգտոնյան խաղաղության գագաթնաժողովի պատմական նշանակությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման, ինչպես նաև տարածաշրջանի զարգացման ներուժի իրացման գործում: Անդրադարձ է կատարվել խաղաղության հետագա ինստիտուցիոնալացմանն ուղղված ջանքերին, ինչպես նաև ընդգծվել է հումանիտար հարցերի կարգավորման կարևորությունը:



Երկուստեք գոհունակությամբ նշվել է Հայաստան-ԱՄՆ համապարփակ ռազմավարական գործընկերության զարգացման աննախադեպ դինամիկան, ինչը դրսևորվում է տարբեր ոլորտներում համագործակցության շոշափելի արդյունքներով: Այս համատեքստում, ի թիվս մի շարք փոխշահավետ այլ նախաձեռնությունների, առանձնանշվել է «Firebird AI» ընկերության տվյալային կենտրոնի («ԱԲ գործարանի») հիմնումը Հայաստանում։



Անդրադարձ է կատարվել փոխգործակցության ընդլայնման հեռանկարներին:



Արարատ Միրզոյանը և Աբրահամ Համադեին մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային իրողությունների շուրջ։