Ուկրաինայի պաշտպանության նախարար է նշանակվել Եվգենի Խմարան

Ուկրաինայի Գերագույն ռադան հաստատել է Եվգենի Խմարայի թեկնածությունը Ուկրաինայի պաշտպանության նախարարի պաշտոնում:



Թեկնածությանը կողմ է քվեարկել 312 պատգամավոր, դեմ՝ 2-ը, իսկ 20-ը ձեռնպահ են մնացել քվեարկությունից։



Մինչ քվեարկությունը Խմարան Ռադայի ելույթում հայտնել էր, որ պաշտպանության նախարարի պաշտոնը ստանձնելու նպատակով արդեն հեռացել է զինվորական ծառայությունից, քանի որ, օրենքի համաձայն, նախարարությունը պետք է գլխավորի քաղաքացիական անձ։



Միևնույն ժամանակ, NV.UA-ի փոխանցմամբ, Գերագույն ռադայի շենքի մոտ տեղի են ունեցել բողոքի ակցիաներ Խմարայի նշանակման դեմ։ Ցուցարարները պահանջում են պաշտպանության նախարարի պաշտոնում վերականգնել Միխայիլ Ֆեդորովին։



Եվգենի Խմարան 2011 թվականից ծառայել է «Ալֆա» հատուկ նշանակության ստորաբաժանումում («Ա» հատուկ գործողությունների կենտրոն), իսկ 2023 թվականին ստանձնել է դրա ղեկավարումը։ 2026 թվականի հունվարին նա նշանակվել էր Ուկրաինայի անվտանգության ծառայության (ՈՒԱԾ) ղեկավարի պաշտոնակատար։ Նախքան Պաշտպանության նախարարություն տեղափոխվելը նա համակարգում էր հատուկ և տեխնոլոգիական գործողությունները։