Ռուսաստանը սկսել է վառելիք ներմուծել. ՌԴ փոխվարչապետ

Ռուսաստանը սկսել է վառելիք ներմուծել այլ երկրներից, այս մասին «Վեստի» լրատվական գործակալությանը հայտնել է փոխվարչապետ Ալեքսանդր Նովակը։



«Իրավիճակը զգալիորեն կբարելավվի, ամեն ինչ անելու ենք դրա համար։ Այդ թվում՝ արդեն իսկ միջոցներ են ձեռնարկվել արտահանումն արգելելու ուղղությամբ։ Հիմա նաև ներմուծումն է սկսվել, և ընդունվել են բոլոր անհրաժեշտ կանոնակարգերը՝ թույլ տալու համար ավելի ցածր կարգի լրացուցիչ վառելիքների արտադրությունը՝ Եվրո-2, Եվրո-3 և Եվրո-4։ Կան լոգիստիկայի հետ կապված խնդիրներ։ Մենք աշխատում ենք յուրաքանչյուր տարածաշրջանի հետ անհատապես և լուծում ենք նրանց մտահոգությունները»,- «Վեստի» տեղեկատվական ծառայության թղթակից Պավել Զարուբինին ասել է նա։


Այս ամռանը Ռուսաստանում վառելիքի մատակարարումների խափանումներ էին առաջացել։ Իրավիճակը բարելավելու համար կառավարությունն արդեն մի շարք միջոցներ է ձեռնարկել, այդ թվում՝ արգելել է վառելիքի արտահանումը, ինչպես նաև հարկային խթաններ է տրամադրել ներմուծման և երկրում արտադրության ծավալների ավելացման համար։