ԿԳՄՍ նախարարությունը հայտնում է, որ Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ-Մատենադարանում, մասնավորի աջակցությամբ, պաշտոնապես բացվել են նոր գրախանութ, հուշանվերների կրպակ և սրճարան՝ ամբողջացնելով Մատենադարանի այցելուների համար նախատեսված նոր ենթակառուցվածքները։
Միջոցառմանը ներկա են եղել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, Մատենադարանի տնօրեն Արա Խզմալյանը, գործընկեր կազմակերպությունների ներկայացուցիչներ, հյուրեր:
Նախաձեռնության նպատակն է Մատենադարանի հարուստ ձեռագրական և մշակութային ժառանգությունը ներկայացնել նոր ձևաչափերով՝ այն հասանելի և ճանաչելի դարձնելով մշակութային ինքնատիպ արտադրանքի միջոցով։
Գրախանութում ներկայացված կլինեն Մատենադարանի հրատարակությունները, հայագիտությանը, պատմությանը, արվեստին և մշակույթին վերաբերող գրքեր։ Հուշանվերների կրպակում այցելուները հնարավորություն կունենան ձեռք բերելու Մատենադարանի հավաքածուներից, հայկական ձեռագրերից և մանրանկարչությունից ներշնչված հատուկ արտադրանք։

Նախաձեռնության շրջանակում Մատենադարանը համագործակցում է առաջատար ընկերությունների և ստեղծագործական բրենդների հետ։ Վերջիններս Մատենադարանի հետ համատեղ մշակում են հատուկ հավաքածուներ՝ հայկական ձեռագրական ժառանգության մոտիվները ներկայացնելով ժամանակակից դիզայնի և կիրառական արտադրանքի միջոցով։ Հավաքածուները պարբերաբար կհամալրվեն նոր նմուշներով։
Նոր սրճարանը ևս կդառնա Մատենադարանի մշակութային միջավայրի շարունակությունը՝ այցելուներին առաջարկելով թանգարանային այցից հետո հանգստի և շփման հարմարավետ տարածք։
