Անօրինական հրաձգարանի գործունեություն է կասեցվել, առգրավվել՝ մեծաքանակ զենք-զինամթերք

Եղվարդ քաղաքում գործող հրաձգարանում, որն առաջին հայացքից օրինական գործունեություն էր իրականացնում, ոստիկանությունը մեծաքանակ ապօրինի պահվող զենք-զինամթերք է հայտնաբերել։ Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ-ից:


 

ՆԳՆ ՔՈԳՎ Կոտայքի մարզային վարչությունում տեղեկություններ էին ստացվել, որ կազմակերպությունը, առանց համապատասխան թույլտվության, հրաձգության պարապմունքներ է անցկացրել և այցելուներին տրամադրել ապօրինի պահվող զենք-զինամթերք։


 

Տեղեկությունը ստուգելու արդյունքում պարզվել է, որ Եղվարդի 51-ամյա բնակիչը տևական ժամանակ հրաձգարանի այցելուներին տրամադրել է ապօրինի պահվող զենք-զինամթերք։ Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ։


 

Քննչական կոմիտեի ծառայողների հետ համատեղ իրականացված խուզարկության արդյունքում հրաձգարանի տարածքում հայտնաբերվել են ինքնաձիգներ, որսորդական հրացաններ, լիցքավորված ատրճանակ, տարբեր տեսակի և տրամաչափի 2210 փամփուշտ, հակահետևակային ականներ, մարտական գլխիկներով ականանետեր և այլ զինամթերք։


 

Դեպքի առթիվ Եղվարդի 51-ամյա բնակիչը և ևս մեկ անձ ձերբակալվել են։


 

ՆԳՆ ոստիկանությունից հայտնում են, որ ապօրինի պահվող զենք-զինամթերքի հայտնաբերման և առգրավման ուղղությամբ աշխատանքը շարունակվում է։