Կասեցրել է Մեղրիի «Լորդ» ռեստորանի գործունեությունը


ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի (ՍԱՏՄ) տեսուչները վերահսկողական միջոցառումներ են իրականացրել անհատ ձեռնարկատեր Արմինե Լագզյանին պատկանող «Լորդ» ռեստորանում (Սյունիքի մարզ, ք. Մեղրի, Ադելյան 12/1) և արձանագրել սանիտարահիգիենիկ նորմերի մի շարք խախտումներ:



Մասնավորապես, ստուգումների ընթացքում պարզվել է, որ․



  • Աշխատանքային պայմաններ և հիգիենա․ Սննդի օբյեկտի նախագծումն ու կառուցվածքը չեն ապահովել պատշաճ հիգիենիկ պայմաններ, չի բացառվել օդից փոխանցվող աղտոտումը, կեղտի կուտակումն ու օտար մասնիկների թափանցումը սննդամթերքի մեջ։



  • Վնասատուների դեմ պայքար․ Պարբերաբար չեն իրականացվել կենդանիների, կրծողների և միջատների ոչնչացման (դերատիզացիոն) գործընթացները, իսկ խոհանոցի դեպի դուրս բացվող պատուհանները չեն ունեցել միջատապաշտպան ցանցեր։



  • Տարածքի և մակերեսների վիճակ․ Հատակն ունեցել է ճաքեր, հարթ չի եղել և պատրաստված չի եղել անջրանցիկ ու լվացվող նյութերից։ Սանհանգույցի դուռը պատրաստված չի եղել հեշտ մաքրվող ու ախտահանվող նյութերից։



  • Սարքավորումներ և պահպանում․ Սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող սարքավորումները, գործիքներն ու պարագաները պատշաճ չեն մաքրվել ու ախտահանվել։ Բացակայել է լվացող և ախտահանող նյութերի՝ սննդամթերքից առանձնացված պահման տարածքը։



  • Անձնակազմի պայմաններ․ Տարածքն ապահովված չի եղել աշխատակիցների համար նախատեսված հանդերձարանով։



ՍԱՏՄ ղեկավարի որոշմամբ՝ «Լորդ» ռեստորանի արտադրական գործունեությունը կասեցվել է։ Հայտնաբերված խախտումները վերացնելու համար սահմանվել է համապատասխան ժամկետ։