Օգոստոսի 14-ին՝ ժամը 11․45-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել գողության վերաբերյալ․ մայրաքաղաքի «Վերնիսաժ» բացօթյա տոնավաճառի պահեստից տարել էին զարդեղենով ճամպրուկ։ Այս մասին հայտնում են ՆԳՆ ոստիկանությունից։
Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության սեփականության դեմ ուղղված հանցագործությունների դեմ պայքարի բաժնի ծառայողները շտապ մեկնել են դեպքի վայր։ Պարզվել է, որ ժամը 9․35-ից 9․45-ն ընկած ժամանակահատվածում պահեստից գողացել էին 50 հազար դոլար արժողության արծաթե զարդեր։
Դեպքի առթիվ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում քրեական ոստիկանները պարզել են, որ գողությունը կատարել է մայրաքաղաքի Ներքին Չարբախի 43-ամյա բնակիչը։ Նա ահազանգից ժամեր անց՝ ժամը 17․10-ին, հայտնաբերվել է իր տան մոտ, ձերբակալվել և գողացված ճամպրուկով հանդերձ տեղափոխվել վարչություն։
Նախաքննությունը շարունակվում է։