Մադրիդի «Ռեալի» նախկին ֆուտբոլիստը՝ «Նոայի» գլխավոր մարզիչ

Ուրուգվայցի փորձառու մասնագետ Պաբլո Գարսիան նշանակվել է «Նոա» ֆուտբոլային ակումբի գլխավոր մարզիչ՝ կողմերի միջև ստորագրված պայմանագրով:



49-ամյա մարզչի կարիերան մեկնարկել է հունական ՊԱՕԿ-ում, որտեղ գլխավորել է ինչպես երիտասարդական, այնպես էլ հիմնական թիմերը: Նրա ղեկավարությամբ ՊԱՕԿ-ի Մ-19 թիմը երեք մրցաշրջան անընդմեջ դարձել է Հունաստանի երիտասարդական առաջնության չեմպիոն, իսկ 2020/21 մրցաշրջանում գլխավոր թիմի հետ նվաճել է Հունաստանի գավաթը: Գարսիան աշխատել է նաև հունական «Պանսերաիկոս», «Ատրոմիտոս» և կիպրական ԱՊՕԷԼ ակումբներում։



Ուշագրավ է նաև Պաբլո Գարսիայի՝ ֆուտբոլիստի կարիերան։ «Նոա» ՖԱ-ի նոր գլխավոր մարզիչը հանդես է եկել այնպիսի անվանի ակումբներում, ինչպիսիք են Մադրիդի «Ռեալը», «Միլանը», «Օսասունան», Վիգոյի «Սելտան», ինչպես նաև պաշտպանել է Ուրուգվայի ազգային հավաքականի գույները։