Էբոլայի տարածման ռիսկը Հայաստանում ցածր է գնահատվում. ՀՎԿԱԿ-ի հայտարարությունը

ՀՀ ԱՆ «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը» (ՀՎԿԱԿ) ներկայացրել է Էբոլա հիվանդության վերաբերյալ միջազգային համաճարակաբանական իրավիճակի թարմացված տվյալները՝ 2026 թվականի օգոստոսի 20-ի դրությամբ։



Իրավիճակը Կոնգոյի Ժողովրդավարական Հանրապետությունում



Կոնգոյի Ժողովրդավարական Հանրապետությունում (ԿԺՀ) շարունակվում է Բունդիբուգյո վիրուսով պայմանավորված Էբոլայի բռնկումը։ Օգոստոսի 19-ի տվյալներով արձանագրվել է․



  • 5 290 հաստատված դեպք


  • 2 516 մահվան դեպք


Համաճարակաբանական իրավիճակը երկրում շարունակում է մնալ լարված։ Վարակի հիմնական օջախը Իտուրի նահանգն է, սակայն դեպքեր են արձանագրվել նաև այլ նահանգներում։



Տարածվածությունը ԿԺՀ-ից դուրս


ԿԺՀ-ի սահմաններից դուրս արձանագրվել են վարակի ներմուծված դեպքեր, սակայն այլ երկրներում հիվանդության կայուն փոխանցում ներկայումս չի արձանագրվում։ Հարևան Ուգանդայում տեղային բռնկման ավարտի մասին պաշտոնապես հայտարարվել է դեռևս հուլիսի 28-ին։



Ռիսկերը Հայաստանի համար


Հայաստանի Հանրապետության համար Էբոլայի ներմուծման և հետագա տարածման ռիսկը գնահատվում է ցածր։ Մասնագետները հիշեցնում են, որ Էբոլան չի փոխանցվում օդակաթիլային ճանապարհով։



ՀՎԿ ազգային կենտրոնը շարունակում է մշտադիտարկել միջազգային համաճարակաբանական իրավիճակը և իրականացնել Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) ժամանակավոր առաջարկությունները: