Մերձավոր Արևելքում փետրվարին տեղի ունեցած ռազմական գործողությունների հետևանքով չվերթների չեղարկման պատճառով տուժած ՀՀ քաղաքացիներն օգտվել են ավիատոմսերի փոխհատուցման պետական աջակցության ծրագրից։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ արտաքին գործերի նախարարությունից։
Գերատեսչության կողմից իրականացված գործընթացի շրջանակում՝ 2026 թվականի ապրիլի 10-ից օգոստոսի 20-ն ընկած ժամանակահատվածում, հաստատվել է քաղաքացիներից ստացված 630 հայտ։ Արդյունքում փոխհատուցում է տրամադրվել 902 քաղաքացու՝ ընդհանուր շուրջ 174 միլիոն դրամի չափով (յուրաքանչյուր անձի համար՝ մինչև 250 հազար դրամ)։
ԱԳՆ-ն աջակցել է քաղաքացիներին ամբողջ գործընթացում՝ հայտերի ներկայացումից մինչև վճարումների իրականացում, ինչպես նաև անհրաժեշտության դեպքում համագործակցել է ավիափոխադրողների ու զբոսաշրջային ընկերությունների հետ։
Նախարարությունից նաև հայտնում են, որ հաշվի առնելով դիմումների նվազող դինամիկան՝ Կառավարության օգոստոսի 20-ի N1237 որոշմամբ հայտերի ընդունման վերջնաժամկետ է սահմանվել օգոստոսի 25-ը։