ՀՀ Կառավարության 2026-2031 թթ․ գործունեության ակնկալվող ուղենշային արդյունքները

ՀՀ Կառավարության 2026-2031 թթ․ գործունեության ակնկալվող ուղենշային արդյունքներ․



  • Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև հաստատված խաղաղության ամրապնդում և հետագա ինստիտուցիոնալացում, Հայաստանի շուրջ անվտանգային բարենպաստ միջավայրի պահպանում և հետագա զարգացում՝ տարածաշրջանի երկրների հետ հարաբերությունների կարգավորման և/կամ զարգացման, ինչպես նաև տարածաշրջանից դուրս գործող գործընկերությունների խորացման ճանապարհով։



  • Հայաստանի Հանրապետության ապաշրջափակում՝ «Խաղաղության խաչմերուկ» ծրագրի և TRIPP նախագծի հիման վրա։



  • Ժողովրդավարական, հակակոռուպցիոն, տնտեսական և հանրային կառավարման բարեփոխումների խորացում, որը կչափվի միջազգային ամենահեղինակավոր վարկանիշային ցուցակներում Հայաստանի Հանրապետության առաջընթացով։



  • Ամբողջ բնակչության ներառում առողջության ապահովագրության համակարգում։



  • ՀՀ քաղաքացիների համար ԵՄ մուտքի վիզաների ազատականացում։



  • Տարեկան միջինում 6% տնտեսական աճ։



  • 125,000 նոր աշխատատեղերի ստեղծում (2018 թվականից ստեղծվել է ավելի քան 300,000 աշխատատեղ)։



  • Կորպորատիվ պարտատոմսերի շուկայի ծավալի առնվազն 3-անգամյա ավելացում։



  • Հայաստանյան ծագման ապրանքների արտահանման ծավալի առնվազն կրկնապատկում։



  • Արդյունաբերական արտադրանքի թողարկման ծավալների 50% աճ՝ ընթացիկ գներով 2025 թվականի 3,3 տրիլիոն դրամից հասցնելով մինչև 5 տրիլիոն դրամի։



  • Գյուղատնտեսության համախառն արտադրանքի արժեքի առնվազն 50% ավելացում, հացահատիկի արտադրության կրկնապատկում։



  • 10 ջրամբարի կառուցման մեկնարկ՝ 2033 թվականին ավարտելու նպատակադրմամբ։



  • 350 կմ ջրանցքների և խողովակաշարերի կառուցում և վերակառուցում։



  • Ոռոգման ապահովում 10,000 հա նոր հողերի համար։




  • 24-ժամյա ջրամատակարարում՝ առնվազն Երևանում, Գյումրիում և Վանաձորում։



  • Նոր 300 դպրոցի, 30 քոլեջի, 100 արտադպրոցական հաստատության, 100 մանկապարտեզի և 100 համակցված խաղահրապարակի, ներառյալ համայնքային լողավազանների, կառուցում, վերակառուցում, հիմնանորոգում և ամբողջական գույքով հագեցում ու գործարկում։



  • 2,500 կմ ավտոճանապարհի և 40 կամրջի կառուցում և/կամ նորոգում։



  • Ակադեմիական քաղաքի տեխնոլոգիական կլաստերի, ինչպես նաև 3,600 ուսանողի համար նախատեսված կացարանների կառուցում։



  • Առաջատար դասի արհեստական բանականության հաշվարկային առնվազն 100,000 GPU-ի համարժեքի, կամ 1 միլիոն բնակչի հաշվով առնվազն 35,000 GPU-ի համարժեքի ձևավորում, այդ հզորությունների առնվազն 10%-ի համարժեք հաշվարկային ռեսուրսի հասանելիության ապահովում ՀՀ գիտահետազոտական, կրթական, ստարտափային, արդյունաբերական և հանրային հատվածների համար։



  • Հայաստանի տիեզերական կարողությունների զարգացում՝ երկրի դիտարկման առնվազն 2 և հեռահաղորդակցման 1 արբանյակի ձեռքբերման և շահագործման, ազգային վերգետնյա ենթակառուցվածքի զարգացման, արբանյակների կառավարման և տվյալների մշակման ազգային կարողությունների ձևավորման, ինչպես նաև պետական, գիտական և մասնավոր հատվածների համար արբանյակային տվյալների և կապի ծառայությունների հասանելիության ապահովման միջոցով։



  • 1,000 մեգավատ ֆոտովոլտային և 800 մեգավատ կուտակիչ էլեկտրակայանների գործարկում։



  • Աղքատության կրճատում 5 տոկոսային կետով։



  • Պետական և համայնքային հիմնական ծառայությունների թվայնացում։



  • Ապօրինի, այդ թվում՝ կոռուպցիոն եղանակով ստացված ակտիվների վերադարձի գործընթացի շարունակականություն, որը ներառելու է ապօրինի սեփականաշնորհված և վարձակալության վերցրած անտառների, լողափերի, զբոսայգիների ու պուրակների, ինչպես նաև կրթական հաստատությունների և այլ հանրային տարածքների վերադարձ համայնքներին ու պետությանը, վերականգնված միջոցների միասնական հաշվեհամարի շարունակական համալրում, ապօրինի ծագում ունեցող անշարժ ու շարժական գույքի վերադարձ հանրությանը՝ շուրջ 2 միլիարդ դոլարին համարժեք ծավալով։