Արցախի փողոցում կավատությամբ զբաղվելու համար ձերբակալվել է 30-ամյա տղամարդ․ բերման են ենթարկվել 11 կանայք



Օգոստոսի 3-ին արտառոց դեպք է բացահայտվել Երևանում։ ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության Էրեբունու բաժնում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ Արարատի մարզի 30-ամյա բնակիչ Արծրուն Գ․-ն, շահադիտական նպատակներով, իրեն պատկանող (այլ անձանց անուններով գրանցված) «BYD» և «Nissan» մակնիշի ավտոմեքենաները տրամադրել է հայ և օտարերկրացի կանանց, որպեսզի վերջիններս Արցախի փողոցում կայանված մեքենաներում զբաղվեն պոռնկությամբ։



Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ստացված տվյալների իրացման և ձեռնարկված միջոցառումների արդյունքում նույն օրը՝ ժամը 19:00-ի սահմաններում, Արցախի պողոտայից կավատության կասկածանքով ձերբակալվել և Էրեբունու բաժին են տեղափոխվել Արծրուն Գ․-ն և նշված ավտոմեքենաները։



Բաժին են տեղափոխվել նաև պոռնկությամբ զբաղվելու մեջ կասկածվող մի խումբ կանայք, այդ թվում՝



  • Լոռու մարզի բնակիչներ՝ 31-ամյա Սանամ Թ․-ն և 38-ամյա Պայծառ Դ․-ն,



  • Երևանի բնակիչներ՝ 49-ամյա Գայանե Ա․-ն, 22-ամյա Արմինե Մ․-ն, 44-ամյա Կարինե Օ․-ն և 36-ամյա Քնարիկ Գ․-ն,



  • Կուբայի քաղաքացիներ՝ 33-ամյա Մերլինգ Գ․-ն և 37-ամյա Յանելա Ռ․-ն,



  • Իրանի քաղաքացիներ՝ 36-ամյա Ռանա Ա․-ն, 56-ամյա Փարվանե Գ․-ն և 44-ամյա Սակինե Մ․-ն։



Դեպքի առթիվ ոստիկանությունում կազմված փաստաթղթերը փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժին։