Գեղամասարում կառուցվել է խմելու ջրատարի ներքին ցանց
Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի Գեղամասար գյուղում ՀՀ կառավարության կողմից 2023 թվականին իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում կառուցվել է խմելու ջրատարի ներքին ցանց՝ 3,3 կիլոմետր ընդհանուր երկարությամբ, 4 տարբեր թաղամասերում։
Ինչպես տեղեկացրին Վարդենիսի համայնքապետարանի աշխատակազմից, Գեղամասարի խմելու ջրատարի ներքին ցանցի կառուցման ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 25 միլիոն 920 հազար դրամ, որի 70 տոկոսը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 30 տոկոսը՝ Վարդենիսի համայնքապետարանը։
Ծրագրով նախատեսված է խմելու ջրատարի ներքին ցանցի կառուցում Գեղամասարի տարբեր թաղամասերում, չորս ուղղություններով, 13 բաժանարար հանգույցներով։ Շինարարական աշխատանքները մեկնարկել են 2023 թվականի օգոստոսից եւ նույն տարվա նոյեմբերի 21-ի դրությամբ գտնվում են ավարտական փուլում։
Աշխատանքներն իրականացրել են «Ալ-Մաք» ՍՊԸ շինարարները։
«Գեղամասարը խմելու ջրատարի ներքին ցանցից գրեթե զուրկ գյուղ է։ Եղած քայքայված ցանցն էլ բոլոր թաղամասերում չէ, որ գործել է։ Միայն 1678 մետր երկարությամբ խմելու ջրատարի ներքին ցանց կառուցվել է Շողակաթ-Վարդենիս մայրուղու՝ Գեղամասարի ներսով անցնող միջպետական նշանակության ճանապարհի եզրով, իսկ մնացած 1622 մետրը՝ Գեղամասար բնակավայրի ներսում։ 13 բաժանարար հանգույցների փոխարեն տեղադրել ենք 18 բաժանարար հանգույց, եւս 115 մետրով էլ ավելացրել կառուցվող ցանցը՝ շինարարության ընթացքում ի հայտ եկած խնդիրները կարգավորելու նպատակով։ Ներքին ցանցի շահագործումից հետո Գեղամասարում հիմնովին կկարգավորվի խմելու ջրի մատակարարման խնդիրը»,-ներկայացրեց «Ալ-Մաք» ՍՊԸ տնօրեն Գեւորգ Փինաչյանը։