Անոմալ տապի ծանր հետևանքները Եվրոպայում․ 35 հազարից ավելի զոհ



Եվրոպայում ռեկորդային շոգի պատճառով արձանագրվել է մահվան առնվազն 35 հազար դեպք, հայտնում է The Guardian-ը: Ամենաշատ զոհերն արձանագրվել են Գերմանիայում, որտեղ ծայրահեղ բարձր ջերմաստիճանին զոհ է գնացել մոտ 14 հազար մարդ:



Ֆրանսիայում մահացությունների թիվն անցել է 7,3 հազարը, իսկ Իսպանիայում անոմալ տապի հետևանքով մահացել է շուրջ 5 հազար մարդ։ Իտալիայում զոհերի թիվը տատանվում է 5-ից 8 հազարի միջակայքում, իսկ Մեծ Բրիտանիայում, Բելգիայում և Նիդերլանդներում միասին վերցրած ցուցանիշը մոտեցել է 5 հազարի:



Առողջապահության համաշխարհային կազմակերպության փոխանցմամբ՝ վերջին երկու տասնամյակում Եվրոպայում ծայրահեղ շոգերից մահացությունն ավելացել է ավելի քան 30%-ով, և կլիմայական գլոբալ փոփոխությունների պատճառով այս ցուցանիշը շարունակելու է աճել:



Դեռևս մայիսից Եվրոպայում անոմալ բարձր ջերմաստիճան էր արձանագրվել՝ սահմանելով նոր ռեկորդներ մի շարք երկրներում։ Անտառային հրդեհների տեղեկատվական եվրոպական համակարգի տվյալներով՝ 2026 թվականի օգոստոսի 25-ի դրությամբ Եվրամիության տարածքում այրվել է շուրջ 626,8 հազար հեկտար հողատարածք: