Պարտադիր ուսուցում, լիցենզավորում և ռեյտինգավորում․ ինչպե՞ս է փոխվելու վարորդական իրավունք ստանալու գործընթացը

Վարելու հմտությունների որակը բարձրացնելու և անվտանգային մշակույթ ձևավորելու նպատակով ՆԳՆ-ն առաջարկում է վարորդական իրավունքի ստացման գործընթացում կրթությունը դարձնել պարտադիր՝ ապահովելով դրա բարձր որակը․



Կրթությունը՝ առաջին պարտադիր քայլ



Վարորդական իրավունք ստանալու տեսական քննությանը հնարավոր կլինի մասնակցել միայն համապատասխան ուսուցման դասընթացն անցնելուց հետո։



Լիցենզավորում՝ կրթության որակի ստանդարտի ապահովման համար



Վարորդների պատրաստում իրականացնելու իրավունք կունենան բացառապես սահմանված պահանջներին համապատասխանող և լիցենզավորված կազմակերպություններն ու անհատ ձեռնարկատերերը։



Հրահանգիչների որակավորում



Նախատեսվում է վարորդական ուսուցում իրականացնող մասնագետների որակավորման համակարգ, ինչը կապահովի նրանց մասնագիտական պատրաստվածությունն ու կրթության որակի շարունակական բարելավումը։



Վարկանշավորումը (ռեյտինգավորումը)՝ որակը բարձրացնելու խթան



Վարորդական ուսուցում իրականացնող կազմակերպություններն ու անհատ ձեռնարկատերերը կվարկանշավորվեն․ սա քաղաքացիներին տեղեկացված ընտրություն կատարելու հնարավորություն կտա, իսկ ուսուցողներին կխթանի շարունակաբար բարձրացնել մատուցվող ծառայությունների որակը։



Այսպիսով՝ վարորդական իրավունք ստանալու գործընթացում առանցքային է դառնում ոչ միայն քննություն հանձնելը, այլև որակյալ կրթություն ստանալը՝ անվտանգ վարելու հմտություններ ու գիտելիք ձևավորելու համար, որպեսզի ճանապարհներին ոչ մի կյանք չընդհատվի։