ՀՀ ՆԳՆ ոստիկանությունը հայտնում է, որ Քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողները տեղեկություններ էին ստացել Գավառ քաղաքի 59-ամյա մի բնակչի մասին, ով իր տանն ապօրինի զենք ու զինամթերք էր պահում։
Օգոստոսի 28-ին Քրեական ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության աշխատակիցների հետ համատեղ իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ոստիկանները ձերբակալել են տվյալ քաղաքացու երկու ազգականներին՝ ապօրինի զենք-զինամթերքն ավտոմեքենայով այլ վայր տեղափոխելու պահին։
Մեքենայի հետևի նստատեղին հայտնաբերվել են պարկերում տեղավորված 5 ինքնաձիգ, մարտական ատրճանակ և տարբեր տրամաչափի փամփուշտներ։ Տրանսպորտային միջոցը տեղափոխվել է պահպանվող հատուկ տարածք և կնքվել։
Ապօրինի զենք-զինամթերք պահելու կասկածանքով ձերբակալվել է նաև 59-ամյա տղամարդը։
Կազմված փաստաթղթերն ու նյութերը փոխանցվել են նախաքննական մարմնին։ Դեպքի բոլոր հանգամանքները պարզվում են։