4 րոպեում տարել են 1.7 մլն եվրոյի ոսկի․ Իսպանիայում կողոպտել են հնագիտական թանգարանը

Իսպանիայի Ալիկանտե նահանգի Վիլենա քաղաքի հնագիտական թանգարանից հինգշաբթի վաղ առավոտյան անհայտ անձինք գողացել են «Վիլենայի գանձի»՝ բրոնզեդարյան ոսկյա զարդերի և այլ արժեքների եզակի հավաքածուի զգալի մասը: Հափշտակված ոսկու շուկայական արժեքը գնահատվում է մինչև 1.7 միլիոն եվրո, իսկ հավաքածուի պատմամշակութային արժեքը համարվում է անգնահատելի։



Հանցագործությունը տևել է 4 րոպեից էլ պակաս։ Նախնական տվյալներով՝ հանցագործները նախ փորձել են կոտրել թանգարանի գլխավոր մուտքը, ապա ներս են ներխուժել կողային պատուհանից՝ շրջանցելով առկա անվտանգության և պաշտպանիչ համակարգերը։



«Վիլենայի գանձը» հայտնաբերվել է 1963 թվականին։ Այն բաղկացած է մ.թ.ա. 1000–1250 թվականներով թվագրվող 59 առարկաներից, որոնք պատրաստված են ոսկուց, արծաթից, երկաթից ու սաթից, և համարվում է Եվրոպայում բրոնզե դարի ոսկերչական արվեստի կարևորագույն հավաքածուներից մեկը։



Հանցագործները տարել են ոսկյա իրերի մեծ մասը, ինչպես նաև ավելի ուշ շրջանի մի քանի ոսկյա ու արծաթյա առարկաներ՝ թողնելով միայն արծաթյա անոթներն ու որոշ ցուցանմուշներ։



Դեպքին նախորդել է Վիլենայի մարզադահլիճում հնչած կեղծ ահազանգը, որը շեղել է ոստիկանական ուժերին դեպի քաղաքի մեկ այլ հատված։ Դրանից րոպեներ անց ահազանգ է միացել թանգարանում, սակայն իրավապահների հասնելու պահին գողերն արդեն փախուստի էին դիմել։



Ալիկանտեի իշխանությունների ներկայացուցիչ Մանուել Պինյեդան հայտնել է, որ տեսախցիկները ֆիքսել են թանգարանին մի քանի մեքենաներով մոտեցած անձանց։ Իրավապահները վստահ են, որ հանցագործությունը եղել է պրոֆեսիոնալ մշակված և նախապես ծրագրված։ Գործի քննությունը վարում են Իսպանիայի քաղաքացիական գվարդիան ու ոստիկանությունը։