Վարորդական իրավունքի տեսական քննությունները սեպտեմբերի 1-ից կանցկացվեն նոր կարգով․ ՆԳՆ

ՆԳՆ-ից հայտնում են, որ 2026 թվականի սեպտեմբերի 1-ից վարորդական իրավունքի վկայական ստանալու տեսական քննություններն անցկացվելու են նոր ձևաչափով։ Գործող հարցաշարի հարցերն առանց ավելացումների բաժանվել են երկու հիմնական խմբի՝ A, B, C և D, T կարգերի համար։



Փոփոխության հիմնական նպատակը քննական գործընթացն առավել հասցեական դարձնելն է, որպեսզի հնարավոր լինի ստուգել հենց տվյալ խմբի տրանսպորտային միջոցն անվտանգ և օրինական վարելու համար անհրաժեշտ գիտելիքները։



Ի՞նչ է փոխվել



Եթե նախկինում բոլոր կարգերի և ենթակարգերի համար գործում էր մեկ միասնական հարցաշար, ապա նոր կարգով՝



  • A, B կամ C կարգեր ստանալու համար դիմորդները քննություն կհանձնեն A, B, C խմբի համար նախատեսված հարցաշարով։



  • D կամ T կարգեր ստանալու համար քննական հարցերը կլինեն D, T խմբի ընդհանուր հարցաշարից։



  • Բացի այդ, զգալիորեն բարելավվել է հարցերին կից նկարների որակը։



Նոր մոտեցումը հնարավորություն կտա առավել ճշգրիտ գնահատել ապագա վարորդների պատրաստվածությունը՝ ըստ իրենց ընտրած տրանսպորտային միջոցի տեսակի։