Շարունակվում է ՆԳ նախարարության և ենթակա ծառայությունների թվայնացման գործընթացը։ Օգոստոսի 27-ին ՆԳ նախարար Արփինե Սարգսյանի գլխավորությամբ անցկացվել է աշխատանքային քննարկում, որի ընթացքում ներկայացվել է Հայաստանում օտարերկրացիների բնակության թույլտվությանն առնչվող փաստաթղթերի՝ կացության կարգավիճակ ստանալու դիմումների ընդունման և դրանց ընթացքի թվայնացման նոր առցանց հարթակի նախնական տարբերակը։
Հանդիպմանը մասնակցել են ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետի ժամանակավոր պաշտոնակատար Նելլի Դավթյանը և Ծառայության այլ ներկայացուցիչներ։
Նոր հարթակի ներդրումը բխում է «Օտարերկրացիների մասին» օրենքում արված փոփոխություններից, որոնց համաձայն՝ նոյեմբերի 1-ից կթվայնացվեն ՀՀ-ում կացության կարգավիճակ ստանալու գործընթացում մատուցվող ծառայությունները։
Ծրագրային նոր լուծումներով նախատեսվում է թվայնացնել ոչ միայն դիմումների ներկայացումը, այլև դրանց հետագա ընթացքն ու վարչական վարույթների իրականացումը։ Համակարգի թվայնացումը կնպաստի փաստաթղթաշրջանառության ծավալի կրճատմանը, վարչական գործընթացների օպտիմալացմանն ու ծառայությունների որակի բարձրացմանը։
Քննարկվել են հարթակի գործարկման և դիմումների ընդունման մանրամասները, տվյալների ավտոմատ ստուգման, պետական տեղեկատվական համակարգերից անհրաժեշտ տվյալների ստացման հնարավորությունները, ինչպես նաև տարբեր շահառուների համար նախատեսված հիմնական առանձնահատկությունները։ Անդրադարձ է կատարվել նաև գործընթացների պարզեցմանն ու առավել արդյունավետ կազմակերպմանը։
Անդրադառնալով ներկայացված հարթակի կիրառելիությանն ու արդյունավետությանը՝ Արփինե Սարգսյանն ընդգծել է թվայնացման աշխատանքները սահմանված ժամկետներում և պատշաճ որակով ավարտելու կարևորությունը։
Նախարարը շեշտել է, որ թվայնացումը պետք է իրականացվի ոչ միայն տեխնիկական մակարդակում, այլև զուգորդվի ծառայությունների մատուցման գործընթացի վերանայմամբ՝ դրանք առավել պարզեցնելու և քաղաքացիակենտրոն դարձնելու նպատակով։
«Արձանագրում ենք, որ այս և մնացյալ փոփոխությունների արդյունքում տարեվերջին Միգրացիայի և քաղաքացիության ծառայության բոլոր ուղղությունները թվայնացված են լինելու։ Ժամկետի որևէ փոփոխություն այս տեսանկյունից չենք նախատեսում»,- ընդգծել է ՆԳ նախարարը։
Նախարար Սարգսյանը հանձնարարել է շարունակել հարթակի կատարելագործումը՝ հաշվի առնելով բարձրացված հարցերն ու առաջարկությունները, և ապահովել անհրաժեշտ գործառույթների ամբողջական ներդրումը։