Ադրբեջանի արտաքին գործերի նախարարություն է կանչվել Բաքվում Լեհաստանի արտակարգ և լիազոր դեսպան Պավել Ռադոմսկին․ նրան բողոքի նոտա է հայտնվել լեհական TVP Worldհեռուստաալիքով հեռարձակված թողարկման առնչությամբ:
Ադրբեջանական կողմի փոխանցմամբ՝ հեռուստաալիքի ներկայացրած ռեպորտաժում տեղ են գտել «կանխակալ, ոչ օբյեկտիվ և բոլորովին անընդունելի պնդումներ՝ ուղղված ադրբեջանական պետության ու երկրի ղեկավարության դեմ»: ԱԳՆ-ում հատուկ ընդգծել են նաև օգոստոսի 26-ին եթեր հեռարձակված հաղորդման ընթացքում հաղորդավարի «սադրիչ պահվածքը»:
Թեև նախարարությունը չի հստակեցրել, թե կոնկրետ որ ռեպորտաժի մասին է խոսքը, սակայն հայտնի է, որ օգոստոսի 26-ին եթեր դուրս եկած սյուժեն վերաբերում էր Ադրբեջանում լրագրողների ու քաղաքական ակտիվիստների նկատմամբ իրականացվող բռնաճնշումներին։ Հաղորդավարն ու հյուրերը քննարկել էին նաև Բաքվի քննադատների հետապնդումները երկրի սահմաններից դուրս, մասնավորապես՝ արտերկրում բնակվող ակտիվիստների նկատմամբ կայացվող հեռակա դատավճիռները: