Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Արտյոմ Կարապետյանը հայտնել է պաշտոնից հեռանալու մասին

Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Արտյոմ Կարապետյանը հայտնել է պաշտոնից հեռանալու մասին:


«Ահա և վերջ, ավարտում եմ աշխատանքս քաղաքապետի մամուլի քարտուղարի պաշտոնում: Չեմ զղջում այս ճանապարհն անցնելու համար և շնորհակալություն եմ հայտնում քաղաքապետ Տիգրան Ավինյանին այս կարևոր փորձառության հնարավորությունն ընձեռելու համար»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Արտյոմ Կարապետյանը։


Նա նշել է, որ այդ կարճ ժամանակահատվածում արել է առավելագույնը քաղաքապետի և քաղաքային իշխանության աշխատանքը օբյեկտիվորեն և հավուր պատշաճի լուսաբանելու, հետադարձ կապն ապահովելու համար․


«Եղել եմ մաքսիմալ ազնիվ ու փորձել եմ ներդնել հանրային խոսքի ու հաղորդակցության քաղաքակիրթ մշակույթ, ինչին, անկեղծ ասած, շատերը դրական են արձագանքել։ Անձամբ եմ տեսել ու համոզվել, թե որքան պրոֆեսիոնալ ու սրտացավ է քաղաքապետը այս բարդագույն ոլորտի կառավարման, խնդիրներին արձագանքելու և քաղաքի զարգացմանն ուղղված հավակնոտ ծրագրերն առաջ մղելու հարցում: Ուրախ եմ, որ ես էլ կարողացա ինչ-որ չափով աջակցել դրան՝ ամենօրյա ռեժիմով բաց պահելով գրեթե շուրջօրյա հաղորդակցության հոսուն խողովակները»։


Անդրադառնալով հետագա ծրագրերին՝ Արտյոմ Կարապետյանը ընդգծել է․ «Առջևում նոր փուլ է, նոր հեռանկար, կարծում եմ՝ կլինեմ այնտեղ, որտեղ իմ կարիքը կզգան։ Ես պատրաստ եմ իմ արդեն պատկառելի փորձով մտնել մասնագիտական կենսագրության նոր շրջափուլ»։