Ռուսաստանի քաղաքացիների զբոսաշրջային այցելությունները Գերմանիա չեն կարող շարունակվել նախկին ձևաչափով, քանի որ Ռուսաստանը ագրեսիվ պատերազմ է մղում։ Deutsche Welle-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Գերմանիայի արտաքին գործերի նախարարության խոսնակ Մարտին Գիզեն։
Նախօրեին Գերմանիայի արտգործնախարարությունը տեղեկացրել էր, որ Բեռլինը մտադիր է խստացնել ՌԴ քաղաքացիների մուտքի վերահսկողությունը։ Այս քայլը պատասխան է Լայպցիգի օդանավակայանում արձանագրված անօդաչու թռչող սարքի միջադեպին, որի պատասխանատվությունը գերմանական իշխանությունները դնում են Ռուսաստանի վրա։
Գիզեի խոսքով՝ վիզաների տրամադրման հարցում տարբեր երկրներ կիրառում են խստության տարբեր աստիճաններ․
«Այս ուղղությամբ դեռ անելիքներ կան։ Մենք քննարկումներ կանցկացնենք նաև Եվրոպական միության մեր գործընկերների հետ։ Մեր նպատակն է, որ տրամադրվող վիզաների քանակն էլ ավելի կրճատվի»,- ընդգծել է Գերմանիայի ԱԳՆ ներկայացուցիչը։
Դիվանագետը հավելել է, որ նախատեսվող միջոցառումները նպատակ ունեն ապահովել բացառապես այն անձանց մուտքը, որոնք որևէ սպառնալիք չեն ներկայացնում։ Նա նաև նշել է, որ հարցը գտնվում է Գերմանիայի արտաքին գործերի և ներքին գործերի դաշնային նախարարությունների համատեղ տիրույթում։