ԱԺ նախկին պատգամավոր, նախկին դաշնակցական (2008-ին
հեռացվել է՝ «հակականոնադրային գործունեության համար») Ռուբիկ Հակոբյանը այսօր ԱԺ ամբիոնը նորից օգտագործեց այս իշխանությունից ամեն գնով ազատվելու մասին բռնութան կոչեր հնչեցնելու համար։ Նման առիթ սկանդալային վարքագծով հայտի սույն գործչին հերթական անգամ ընձեռեց «Հայաստան» խմբակցությունը, որը լսումներ է հրավիրել «Հայաքվե» քաղաքացիական նախաձեռնության օրենքի նախագծի հարցով։ Հակոբյանը, հիշեցնենք, ամիսներ առաջ՝ փետրվարին, խորհրդարանական ընդդիմության կողմից դարձյալ հրավիրված լսումների ժամանակ էր նույնաբովանդակ կոչ հնչեցրել։
«Թիվ մեկ խնդիրը, որ այսօր պետք է լուծենք, պետք է անենք ամեն ինչ, որպեսզի նրան (Նիկոլ Փաշինյանին-խմբ․) հեռացնենք իշխանությունից։ Ընդ որում՝ հեռացնենք բոլոր միջոցներով, որովհետեւ հակասահմանադրական վիճակով ինքը այսօր պահում է իշխանությունը։ Սահմանադրական մեր իրավունքը, նաեւ միջազգային նորմերին համապատասխան այն է, որ եթե քո իրավունքը ոտնահարվում է իշխանության կողմից, դու կարող ես ցանկացած միջոցով նրան հեռացնել»,-ոգեւորված ու շիկնած՝ հայտարարեց Հակոբյանը։
Ենթադրում ենք, որ «ցանկացած միջոցով» ասելով՝ նախկին դաշնակցականը նկատի ունի նաեւ բռնի, հակասահմանադրական եղանակով հեռացումը, ասել է, թե՝ արյուն հեղելով ու ֆիզիկական ոչնչացմամբ։ Համաձայնելով իր կողմից «շատ հարգված» Արծվիկ Մինասյանի դիտարկմանը, թե՝ այս իշխանությունը լեգիտիմ չէ, Հակոբյանը բարձրացրեց նաեւ ընդդիմության լեգիտիմության հարցը։ «Արդյո՞ք լեգիտիմ է խորհրդարանական ընդդիմությունը՝ նրանք ոչ մի խոստում չիրականացրեցին։ Ընդդիմությունը, որի քարոզչությանը ես մասնակցել եմ շատ ակտիվ, եկել էին, որ այս դավաճաններին օր առաջ հեռացնեին, փրկեինք Արցախը, Հայաստանը։ Ի՞նչ է արել ընդդիմությունը։ Պիտի խնդրեմ, որ քննարկեք այդ հարցը՝ եթե նրանց հեռացնում եք, արդյոք այսօրվա ընդդիմության խորհրդարանում մնալը լեգիտի՞մ է, թե՞ ոչ։ Պիտի խնդրեմ, որ ինձ էլ հրավիրեք այդ քննարկմանը։ Գիտեք, այսպիսի ստորագրություն ենք որդեգրել՝ նիկոլական ստորագրություն, եւ քննադատում ենք սրանց, որ ամեն ինչ գցում են նախկինների վրա։ Էդ նույնը մենք ենք անում, ամեն ինչ գցում ենք Նիկոլի վրա։ Նա իսկապես արժանի է, նա ազգակործան, վնասակար կերպար է, բայց նաեւ մենք ենք թույլ տվել, որ նա շարունակի իշխել՝ մեր գործելակերպով։ Խոհանոցին լավ ծանոթ լինելով ասեմ՝ առնվազն երեք անգամ մենք ունեինք հնարավորություն հեռացնել նրանց։ Բայց ընդդիմությունը չկարողացավ ղեկավարել շարժումը։ Մեզ պետք է ընդդիմություն, որը անկեղծ կլինի»։
Հակոբյանը, որը ժամանակին ղեկավարում էր «Ժառանգություն» խմբակցությունը, չմոռացավ նաեւ քաղբանտարկյալների մասին մի երկու խոսք ասել՝ դրանց թվում դասելով ՀՀԿ-ի «լուսապսակ ճակատ» Արմեն Աշոտյանին, Գրիգորի Խաչատուրովին, ապա, քննադատեց ընդդիմության «լալահառաչ դիֆերամբներն» ու եւս մեկ անգամ շեշտեց՝ իրենք են իրենց վարքագծով թույլ տվել, որ «հարգարժան» այս պարոնայք քաղբանտարկյալի կարգավիճակ ստանան։
«Քաղաքականությունը ծամելու համար չէ, քաղաքականությունը իսկապես ռեալ տարածք է, որը պետք է մաքրես մոլախոտից, որպեսզի կարողանաս պետություն ստեղծել, պահել։ Էսօր մենք մոռացել ենք՝ ինչի համար ենք էստեղ»,-ամբիոնը դղրդացրեց Հակոբյանը։ Քոչարյանի օրոք ՌԴ-ում 8 տարի հյուպատոս աշխատած սույն պարոնը չմոռացավ հիշել նաեւ Հիտլերին, Գեբելսին, որոնք իրենց ընտանիքի՝ 5 երեխաների հետ ինքնասպան եղան պարտությունից հետո։
«Մենք թույլ տվեցինք, նույնիսկ սրբադասեցինք իրեն, երբ 2021 թվականին նորից ընտրվեց վարչապետ։ Երբ կսովորենք դաճաններին պատժել, դավաճաններ քիչ կունենանք։ Ինչպես ժամանակին Արամ Մանուկյանն ու Խորեն Կաթողիկոսը որոշեցին, որ պետք է դասալիքներին, դավաճաններին գնդակահարել, գնդակահարում էին փողոցներում, իսկ հաջորդ օրը բոլոր եկեղեցիներում զանգեր էին ղողանջում, որ ազգը, պետությունը կործանվում է, եւ ազգը ոտքի կանգնեց, եւ ռազմական արվեստի բացառիկ նմուշ է, երբ կարողացանք Սարդարապատ փրկել։ Էսօր մենք խնդիր ունենք պետությունը փրկելու, որպեսզի Արցախի մասին կարողանանք խոսել։ Պետք է շատ լուրջ ընդդիմություն ձեւավորվի, որը անկեղծ կխոսի ժողովրդի հետ, ժողովուրդը պիտի տեսնի, որ իր հետ անկեղծ են խոսում, ձեւեր չեն թափում, ազգի փրկության մասին են մտածում»,-«ցանկացած եղանակով» իշխանափոխություն անելու պլանն այսպես շարադրեց նախկին պատգամավորը։ Հուսանք՝ իրավապահները ուշադիր կվերծանեն Հակոբյանի ռազմահայրենասիրական մոնոլոգի ամեն մի բառն ու կապակցությունը, եւ համապատասխան իրավական միջոցառումներ կիրականացնեն։
Ի դեպ, նիստը նախագահող, «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանին խոցեց խորհրդարանական ընդդիմության մասին Հակոբյանի այս ահեղահունչ ելույթը եւ նա վերջինիս ելույթից հետո որշեց արդարանալ․ «Համաձայն եմ ձեզ հետ, որ ընդդիմությունը պետք է համախմբի, բայց ընդդիմությունը ոչ միայն ԱԺ-ում գտնվող խմբակցություններն են, այլ այն գեներացված, համախմբված ուժը պետք է լինի, որը պետք է իրականում հեռացնի այս իշխանություններին։ Ինչ վերաբերում է մանդատների հարցին, մանդատները վայր դնելուն, իմպիչմենթի հարցին, դա մեր օրակարգում է, բայց դրա համար պետք է լինեն նաեւ պայմաններ, համախմբում, աջակցություն ողջ ընդդիմադիր դաշտի կողմից»։
Փաստորեն, ընդդիմության տանը կռիվ է ընկել, խորհրդարանում չհայտնվածները հաշիվ են պահանջում խորհրդարանում հայտնվածներից, վերջիններս էլ «շառը» գցում են արտախորհրդարական ընդդիմության վրա՝ մեղադրելով անմիաբան լինելու, իրենց չաջակցելու համար։ Ու այս՝ ներքուստ իրար միս ուտող, «մանդատավոր» ու «մանդատաբաղձ» սուբյեկտները, փաստորեն, այսքանից հետո շարունակում են իշխանափոխություն փափագել ու Հայաստան, Արցախ փրկել։
Ի դեպ, Հակոբյանի՝ Երեւանի ավագանու անդամ որդին, որը նախօրեի ավագանու նիստի ժամանակ «ոչ բռնությանը» թեմատիկայով ելույթ էր ունենում ու նախկին իշխանության «խուժան-խուլիգանական» բարքերը քննադատում, Օհանյանի օգնականն է։
Հեղինե Մանուկյան